Հրդեհի նոր օջախ՝ «Դիլիջան» ազգային պարկում. քամին կրակը տարածում է դեպի անտառ
Այսօր շուրջ մեկ ժամ առաջ «Դիլիջան» ազգային պարկի Հաղարծին տեղամասի 5-6-րդ պահաբաժիններում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ըստ նախնական տեղեկության՝ կրակը բռնկել էր համայնքային տարածքում, բայց քամին այն տարածում է դեպի անտառային հատված։ ԱԻՆ-ը տեղեկացված է, հրշեջները մոտենում են, տեղում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում պարկի աշխատակիցները։ Ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ երեկ նույնպես հրդեհ էր բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Մի քանի մարդկանց ջանասիրության շնորհիվ լրակը հաջողվել էր մարել և ծառերը չէին վնասվել: Հրշեջ փրկարար մեքենան այդպես էլ չէր կարողացել բարձրանալ հրդեհի տարածք:
Հիշեցնենք նաև, որ օրերս «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա. Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը:
