«Դիլիջան» ազգային պարկում բռնկված հրդեհը մարվել է. ծառեր չեն վնասվել

Մարտի 23-ին, ժամը 18։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան» տեղամասի 2-րդ պահաբաժնի 10-րդ տեղամասում, որի անտառապահը փաստի մասին ահազանգել է ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար ծառայություն։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել «Դիլիջան» ազգային պարկի 5 աշխատակից, որոնց միացել են նաև հասարակական կարգով «Էկոպատրուլ» իրականացնող խմբի անդամները, ովքեր փորձել են հանգցնել կրակը, սակայն քամու առկայությունը դժվարացրել է հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Ժամը 22։20-ին ՀՀ ԱԻՆ տարածքային ստորաբաժանմանը հայտնվել է, որ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար: Տեղանքի դժվարանցանելիության պատճառով հնարավոր չի եղել հրդեհի օջախներին մոտենալ հրշեջ-ավտոմեքենաներով, հրդեհաշիջումն իրականացվել է բացառապես մարդկային ռեսուրսներով:

Հրդեհը մեկուսացվել է և մարվել է մարտի 24-ի գիշերը՝ 02:30-ի սահմաններում: Ըստ նախնական տվյալների, այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, ծառեր չեն վնասվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 12 հրշեջ-փրկարար, ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկի 10 աշխատակից և «Էկոպատրուլի» մասնակիցներ։

Լուսանկարը՝ Արմեն Հայրապետյանի էջից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում