Հայրիկիս հետ սարերից կոճղեր ենք հավաքում ու պատրաստում ենք վայրի կենդանիներ. 11-ամյա Մարիա Լեհվազից

Ապագա սերնդին էկո-մշակույթի և էկո-կրթության հիմունքներով սնելը, պետք է հանդիսանա ներկա սերնդի առջև դրված կարևորագույն առաջադրանքներից մեկը: «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի մի շարք համայնքների փոքրիկ բնակիչներին հնարավորություն տրվեց արտահայտել սերը դեպի բնությունը պատմվածքների և շարադրությունների միջոցով: 

«Մարդը և բնությունը» թեմայով մրցույթին մասնակցում էր նաև 11-ամյա Մարիան, ով Լեհվազ համայնքի բնակիչ է և շարադրությունների մրցույթում զբաղեցրեց 3-րդ տեղը: «Այս մրցույթում գրել էի բնության մասին: Սիրում եմ բնությունը, սարերը: Հայրիկիս հետ, որ զբոսնում եմ սարերով, տեսնում եմ վայրի կենդանիների, հետո մենք կոճղեր ենք հավաքում, արմատներ ենք հավաքում, բերում ենք տուն ու պատրաստում ենք վայրի կենդանիներ: Հայրիկս պատրաստում է արձանիկներ, ես դրանք ներկում եմ: Քանի որ մեր գյուղում շուկա չկա, մենք այդ արձանիկները նվիրելու ենք մանկապարտեզին: Հայրիկիս հետ զբոսնելիս մենք նաև աղբն ենք հավաքում»,- մեզ հետ զրույցում պատմում է Մարիան:

Լեհվազ համայնքում «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի շրջանակներում լուծվել է գիշերային լուսավորության խնդիրը: 

Հասարակության շրջանում էկո-մշակույթի ձևավորվան գործընթացում առավել հետաքրքրված է Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը: Զրուցելով փոքրիկ բնասերների հետ, վերջինս ասաց. «Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքն եմ բերել ձեզ: Նա շատ մտահոգ է բնապահպանության հարցով ու նախարարության առանցքային խնդիրներից մեկն այն է, թե ինչպես անենք, որ մարդկանց սովորեցնենք բնությանը չվնասել: Երբ գալիս էինք այստեղ, ես արդեն գիտեի, որ առանձնակի կարիք չկա այս գյուղում այդ թեմայով խոսալ, քանի որ երբ կարդում էի երեխաների շարադրությունները, հասկացա, որ սերունդ է մեծանում, որն արդեն ունի այդ զգացողությունը և մենք պետք է իրենցից սովորենք, թե ինչպես է հարկավոր պահպանել բնությունը»:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում