ԲՆ պարզաբանումը՝ «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերված ծառահատումների մասին
ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացնում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում արձանագրված ծառահատման դեպքերի՝ սոցցանցերում տարածված տեղեկատվության վերաբերյալ:
«Սոցիալական ցանցերում տարածված՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում արձանագրված ապօրինի հատված ծառերի կոճղերի մասին գրառումների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ ծառերի կտրատված 96 կտորները ազգային պարկի «Հաղարծին» տեղամասի աշխատակիցների կողմից հայտնաբերված են եղել դեռ 2 շաբաթ առաջ: Դրանք եղել են թափուկ, որոնք ունեցել են առնվազն 2 ամսվա վաղեմության: Տեխնիկական պատճառներով (անձրևային եղանակ) 2 շաբաթվա ընթացքում ազգային պարկի աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել կոճղերը տեղափոխել պարկի վարչական շենքի տարածք: Փաստի վերաբերյալ տեղյակ է պահվել իրավապահ մարմիններին և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների հետ կազմվել են համապատասխան արձանագրություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մարտի 13-ին սոցիալական ցանցերում լուսանկարներ և տեղեկություն տարածվեց «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերված ծառահատումների մասին: