Մինչև բնակավայրերին հասնելը, ՀՀ գետերի ջրի որակը գերազանց է. Վահան Դավթյան

Մարտի 14-ը նշվում է որպես Գետերի միջազգային օր: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցան ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը և «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: 

Ըստ տիկին Դանիելյանի, կլիմայական փոփոխություններից զուգընթաց Հայաստանում առաջացել են երաշտի և անապատացման ռիսկեր: 

«Ջրերի աղտոտվածությունը մշտական խնդիր է, բայց վերջին տարիներին մենք նաև քանակի խնդիր ունեցանք: Կլիմայի փոփոխության հետ կապված մոլորակը լրիվ ապակայունացվել է: Անցյալ տարի խնդիրը լուծվեց Սևանի հաշվին: Արդյունքում, մենք տարվա ընթացքում լճի մակարդակի 4 սմ նվազում ունեցանք: Թվում է՝ դե հիմա ի՞նչ արած, բայց խնդիրը շատ մեծ է: Աղտոտվածության հետ կապված զարմանալի փաստ արձանագրեցինք, երբ ուսումնասիրում էինք Սևանի հիմնախնդիրները: Չնայած լիճն անընդհատ ընդունում է և՛ թափոններ, և՛ կեղտաջրեր, մաքրման որևէ կայան չի աշխատում և այլն, բայց միայն մակարդակի բարձրացումն արդեն դրական արդյունք էր տվել ջրի որակի տեսանկյունից»,- մանրամասնեց նա:

Կարինե Դանիելյանի պնդմամբ, Սևանա լճի ինքնամաքրման համակարգի աշխատանքը բարելավվել էր մակարդակի բարձրացման շնորհիվ: «Եթե մենք սկսեցինք իջեցնել լճի մակարդակը, դա այնպիսի հարված է լճին, որ դժվար է պատկերացնել դրա հետագա վերականգնումը: Այս առումով, ես մեծ հույս ունեմ, որ իշխանությունները կարձագանքեն և այս տարի չեն դիմի նորից Սևանին, այլ կփորձեն կորուստները վերականգնել»,- ասաց նա: 

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը չհերքեց աղտոտվածության հետ կապված խնդրի առկայությունը: «Այո՛, այսօր մենք խնդիր ունենք գետերի ջրերի որակի և քանակի պահպանության հետ կապված: Շատ խնդիրների հետ կապված մենք քայլեր ձեռնարկել ենք և լուծումն էլ տրված է: Մասնավորապես, աղտոտվածության մասով նշեմ, որ մենք ունենք մշտադիտարկման կայաններ 43 գետերի վրա. Ընդհանուր 103 դիտակետեր, 6 ջրամբարների, ինչպես նաև Սևանա լճի վրա: Սևանի մասով, ասեմ, որ թափանցիկությունը 2017թ.-ին նախորդ տարվա համեմատ շատ ավելի դրական է եղել: Իհարկե, դա պայմանավորված էր ջրի մակարդակի բարձրացմամբ, ինչի շնորհիվ էլ ինքնամաքրումը շատ ավելի լավ է իրականացվել: Իսկ գետերի մասով ասեմ. ակունքներում՝ բնակավայրերից վերև, մեր գետերի ջրերի որակը գերազանց է: Այսինքն՝ 1-ին և 2-րդ դասի են: Խոշոր բնակավայրերից հետո, երբ կոյուղաջրերը խառնվում են, մեր գետերում ջրի որակն անմիջապես ընկնում է՝ հասնելով միջինից վատ որակի: Դրանով է պայմանավորված, որ ԲՆ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով հանդես եկավ, որը ԱԺ-ում արդեն իսկ ընդունվել է: Փոփոխություններով կարգավորվում է կեղտաջրերի ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ դրանց հեռացման, մաքրման և մոնիթորինգի ներկայացվող պահանջները»,- մանրամասնեց Վ. Դավթյանը:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում