«Գյուղում մարդ կա, բնակչություն կա, զարգացում կա...». ինչպես են Սյունիքում փրկում անտառները (ֆոտոշարք)
Ինչպես տեղեկացրել ենք, «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի շրջանակներում Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը, ինչպես նաև ԶԼՄ մի շարք ներկայացուցիչներ այցելեցին Սյունիքի մարզ, որտեղ ծանոթացան կատարված աշխատանքներին, հանդիպեցին տեղի համայնքների ղեկավարների, բնակիչների հետ, տեղեկացվեցին ծրագրի հետագա գործողությունների մասին:
Հիշեցնենք, որ ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ բնապահպանական և սոցիալական, որոնք իրենց ֆինանսական կշիռներով գրեթե հավասար են: Ծրագրի բուն էությունը կայանում է՝ տարածաշրջանում սոցիալական խնդիրները թեթևացնելու միջոցով հնարավորինս մեղմացնել բնապահպանական խնդիրները, մասնավորապես՝ պահպանվող տարածքներից փայտանյութի ստացումը:
«Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի ազգային հարցերով պատասխանատու Մարտիրոս Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնորեն ներկայացրեց իրականացված ներդրումները (մանրամասները՝ այստեղ), նաև խոսեց ծրագրի իրականացման ընթացքում հանդիպած դժվարությունների և ուշագրավ դեպքերի մասին: «Սահմանամերձ գյուղերից մեկում էինք, որտեղ ընդամենը 10-15 տնտեսություն է բնակվում: Այնտեղ առաջարկեցին փողոցային լուսավորության խնդիրը լուծել: Ես զարմացած հարցրեցի՝ արդյո՞ք այս համայնքում ուրիշ, առավել առաջնային խնդիր չկա, որ այդ հարցն եք ցանկանում լուծել: Մի տարիքով պապիկ ասաց՝ գիտե՛ս, տղա՛ ջան, այդ բոլոր սոցիալական խնդիրները կլուծվեն, բայց երբ սահմանին մոտ ես ապրում ու «հարևանը» միշտ տեսնում է, որ գյուղի լույսերը վառվում են, նշանակում է, որ այդ գյուղում մարդ կա, բնակչություն կա, զարգացում կա: Մեր նպատակը դա է»:
Բնապահպանական կոմպոնենտին հատկապես մեծ կարևորություն է տրվել Շիկահողի թևի 4 համայնքներում, որտեղ իրականցվել է առանձին սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագիր: «Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ այդ համայնքները տեղակայված են «Շիկահող» պետական արգելոցի պահպանման գոտում և մարդիկ անգամ թափուկ հավաքելու հնարավորություն չունեն: Այս համայնքներում մենք խոշոր ծրագիր ենք իրականացնում, որի բաղադրիչներից մեկը պատուհանների փոխարինումն է. յուրաքանչյուր տնտեսությանը տրվում է հնարավորություն փոխարինել մինչև 9 քմ ծավալով պատուհաններ: Կապը բնապահպանական տեսանկյունից այն է, որ լրացուցիչ ջերմամեկուսացման աշխատանքներ է իրականացվում տանը, որի արդյունքում բնակիչը նախորդի համեմատ մինչև 30 տոկոս կրճատում է վառելափայտի պահանջարկը: Սա նշանակում է մարդածին ազդեցության նույն չափով կրճատում բնության վրա: Հավատացե՛ք, որ սա լուրջ խնդիր է: Օրինակ՝ Սրաշենը, որը նաև Արցախյան պատերազմին մասնակցած համայնք է, տեղադիրքով էլ մի փոքր անբարենպաստ: Կային տներ, որ պատին ստացած հարվածներից ճաքեր, վնասվածքներ էին առաջացել: Աշխատել ենք շատ պարզ ու պրակտիկ՝ առաջնային կարևորելով բնակիչների պահանջները: Գնացել ենք համայնք, լսել ենք մարդկանց, իդենտիֆիկացրել ենք կարիքները և փորձել ենք դրանք լուծել: Իհարկե, հանդիպել ենք նաև որոշ խնդիրների՝ սուբյեկտիվ և միգուցե օբյեկտիվ: Ի վերջո, մոտավորապես 100 հազ. եվրոյի աշխատանքներ են իրականացվել և այդ ծավալի աշխատանքներում չի կարող ամեն ինչ անթերի լինել»,- մանրամասնեց Մարտիրոս Նալբանդյանը:
Այցելելով «Սոսու պուրակ» արգելավայր, խոսեցինք տեղի բնակիչ տիկին Հասմիկի հետ, ում տան պատուհանները փոխարինվել էին ջերմամեկուսիչներով: Վերջինս ասաց, որ նախորդ տարի ընտանիքը տաքացնելու նպատակով վառել են մոտ 5-7 խորանարդ մետր փայտ, իսկ այս տարի դեռ 3-ը չեն հասցրել օգտագործել:
Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում է աջակցություն ոչ միայն թվարկված 7 պահպանվող տարածքներում («Շիկահող» պետական արգելոց, «Սոսու պուրակ», «Խոստուփ», «Զանգեզուր», «Սև լիճ», «Բողաքար» պետական արգելավայրեր, «Արևիք» ազգային պարկ), այլև կենսաբազմազանության պահպանության գործում ուղիղ ազդեցություն ունեցող կառույցներում, որոնք Սյունիքում 3-ն են՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, Հարավային ջրավազանային կառավարման մարմինը և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
«Այս ուղղությամբ հիմնական աջակցությունը մինչ այս պահը տրամադրվել է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին: Էկոտուրիզմի զարգացման նպատակով «Խուստուփ» պետական արգելավայրում հիմնվել է էկո-ճամբար, որը միայն 2017թ.-ին տվյալ ՊՈԱԿ-ին ապահովեց 4 մլն դրամ եկամուտ: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 20 000 դրամ: Տրամադրվել է նաև որոշակի համակարգչային տեխնիկա: Առաջիկայում մենք փորձելու ենք բարելավել ՊՈԱԿ-ի աշխատանքային պայմանները, որովհետև կազմակերպությունը, որն իրականացնում է 80 000 հա տարածքների պահպանություն Սյունիքի մարզում և ամբողջ անձնակազմով, ռեսուրսներով տեղակայված է բազմաբնակարան շենքի առաջին հարկի 1-2 սենյականոց բնակարանում՝ որպես գրասենյակ, ոչ մի չափանիշների չի համապատասխանում: Հաշվի առնելով նաև նույն շենքում այլ կազմակերպությունների առկայությունը, որոշում է կայացվել գնել 1 մեծ շենք, որը որպես գրասենյակային տարածք կամ ադմինիստրատիվ վարչական տարածք կծառայի և՛ «Զանգեզուր կենսոլորտային համալիրի», և՛ Հարավային ջրավազանային կառավարման մարմնի և Տեսչական մարմնի համար: Դիտարկվում է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ին այդ նույն շենքում տեղակայելու հարցը: Մենք 2018թ.-ի համար նախատեսում ենք գնել այդպիսի շենք»,- մանրամասնեց Մարտիրոս Նալբանդյանը:
Որպես ծրագրի շրջանակներում ևս մեկ կարևոր ձեռքբերում, ծրագրի ազգային հարցերով պատասխանատուն նշեց՝ «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի քարտեզագրման աշխատանքների իրականացումը: «Այս պահից կարող ենք մեկնարկված համարել բոլորիս համար շատ խնդրահարույց հարցը՝ «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայր սահմանների ճշգրտումը: Մարտ ամսից մեկնարկում ենք այդ աշխատանքները և հուսանք, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ճշգրտված սահմաններ, ինչը մեզ թույլ կտա խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսիք մինչև այսօր ունեցել ենք մասնավոր սեկտորի հետ, համայնքային սեկտորի հետ կապված»,- ասաց նա:
Նշենք, որ 2009թ.-ից փոխվել է Մեղրիի անտառտնտեսության կարգավիճակը և հիմնվել է «Արևիք» ազգային պարկը, բայց սահմանների հստակեցում մինչ օրս չի իրականացվել:
«Մենք դա պատրաստվում ենք իրականացնել մեր ծրագրի միջոցներով: Նախատեսվում են նաև տեխնիկական լրացուցիչ միջոցների, ժամանակակից տեղորոշիչ սարքերից մինչև օնլայն հսկման տեսախցիկների տեղադրում բոլոր անցակետերում կամ երթուղիների վրա: Ընդհանուր ծրագրի արժեքը կազմում է 8.25 մլն եվրո է, որն ամբողջությամբ դրամաշնորհ է: Գումարների ներդրման ընթացքում առաջացող ԱԱՀ-ը մասը վճարում է պետությունը որպես համաֆինանսավորող»,- նշեց մեր զրուցակիցը:
Մարտիրոս Նալբանդյանը նշեց, որ մինչ օրս ԲՀՊՏ-ներում իրականացրած իրենց ուսումնասիրությունների արդյունքում առանձնացվել է ևս մեկ կարևոր խնդիր: Խոսքը գնում է շուրջօրյա պահպանության ռեժիմի բացակայության մասին: «Մինչև այսօր աշխատակիցները՝ որպես պետաշխատողներ, բոլոր ԲՀՊՏ-ներում աշխատում են սահմանված 8 ժամ: Այսինքն, տեսուչների և մյուս բոլոր աշխատողների աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան ժամը 9-ին և ավարտվում է երեկոյան ժամը 6-ին, շաբաթ և կիրակի օրերն էլ համարվում են ոչ աշխատանքային: Սա նշանակում է, որ երեկոյան ժամը 6-ից սկսած մինչև առավոտյան ժամը 9-ը, ինչպես նաև հանգստյան օրերին, տեսուչը տվյալ ԲՀՊՏ-ում պատահարների, որսագողության, անտառահատման և այլնի վերաբերյալ օրենքով պատասխանատվություն չի կրում: Հիմա, մենք փորձում ենք այս խնդիրը կարգավորել և խնդիրը քննարկում ենք տարբեր միջազգային կառույցերի հետ: Օրինակ, եթե մենք ունենք 3 աշխատակից, ովքեր զուգահեռ աշխատում են ժամը 9-6-ը, մենք փորձելու ենք այդ նույն ռեսուրսները տարանջատել: Այսինքն, նրանք կաշխատեն ամբողջ օրը՝ միմյանց փոխարինելով որոշ ժամային գրաֆիկով: Կստացվի պահպանությունն իրականացվում է ամբողջ 24 ժամ»,- մանրամասնեց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե արդյո՞ք այս մեթոդը կապահովի անհրաժեշտ արդյունավետություն՝ հաշվի առնելով, որ մեկ տեսուչը ստիպված կլինի վերահսկել հսկայական տարածք, Մարտիրոս Նակբանդյանը պատասխանեց. «Այդ խնդիրը նույնպես քննարկել ենք և ռիսկը մեղմացնելու նպատակով մենք տեխնիկական հագեցվածությունն ենք բարելավելու: Մենք աջակցելու ենք մեքենաների տեսքով, GPS համակարգերի, ժամանակակից տեղորոշիչ սարքերի, տեսախցիկների և այլն սարքավորումների տրամադրմամբ: Մարդն ինքը պարտավոր չի լինի միացյալ այդ հսկայական տարածքում ոտքով շրջելու: Նշեմ նաև, որ մենք սա փորձելու ենք իրականացնել որպես «պիլոտային» ծրագիր, այսինքն՝ նախնական փորձարկելու ենք որևէ մեկ տարածքի վրա, եթե հաջողվի, կկիրառենք նաև մյուսների վրա: Այս ծրագրի ֆինանսավորման համար այս պահին քննարկումներ են ընթանում WWF-Հայաստանի և Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ: Նշեմ, որ նախաձեռնությունը եղել է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, մենք էլ, որպես տվյալ դաշտում գործող ծրագիր, մեր համաձայնությունն ենք տվել: Տեխնիկական հագեցվածության հիմնական մասը տրամադրվելու է մեր ծրագրի՝ «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» շրջանակներում»:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: