Բնության հատուկ պահպանվող տարածքներում շինարարությունը հնարավոր է թույլատրվի
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft) ներկայացված Կառավարության որոշման նախագծի համաձայն, նախատեսվում է խթանել բնության հատուկ պահպանվող տարածքներում կատարվող ներդրումների իրականացումը: Որոշման նախագծով ենթադրվում է Կառավարության մի շարք որոշումներում փոփոխությունների իրականացում: Ինչպես նշվում է նախագծի բնութագրում՝ սա իր հերթին նախադրյալներ կստեղծի բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանցում էկոտուրիզմի զարգացման համար:
Ինչպես տեղեկանում ենք Կառավարության որոշման նախագծի հիմնավորումից, այն մշակվել է նպատակ ունենալով բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում կառուցապատման նպատակով բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողամասերի վարձակալությամբ տրամադրելու գրավչությունը` կախված կատարվող ներդրումների ծավալից: Նախագիծը մշակվել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից 2017 թվականի հունիսի 8-ին տրված հանձնարարականի կատարման շրջանակում:
Ուշագրավ է, որ ներդրողներին խրախուսելու համար անհրաժեշտ է վերանայել հողի կառուցապատման իրավունքով` վարձակալության տրամադրման պայմանները և ժամկետները: Նախագծով՝ պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալության մինչև 99 տարի առավելագույն ժամկետ կարող է սահմանվել` համապատասխան ներդրումների կատարման պայմանով:
«Միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական բյուջեի միջոցով: Բացի այդ, բնության հատուկ պահպանվող տարածքների համար կարող են ստեղծվել ֆինանսավորման այլ աղբյուրներ, մասնավորապես` բնության հատուկ պահպանվող տարածքներ մուտքի թույլտվություններից, էկոտուրիստական ծառայություններից ստացված օգուտներ, որոնք սակայն կազմում են պահպանվող տարածքի բյուջեի փոքր մասը: Ավելի մեծ չափով գումարներ են մուտքագրվում հողերը վարձակալության և (կամ) կառուցապատման և կենսառեսուրսների օգտագործման իրավունքով տրամադրելիս: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ պետությունը երաշխավորի պետական սեփականություն հանդիսացող հողերի և դրանց բարելավումների տնօրինման, օգտագործման կամ շահագործման իրավունքի երկարաժամկետ փոխանցումը` ծրագիրն իականացնող կազմակերպությանը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ: