Սյունիքում սոցիալական խնդիրների լուծումը՝ բնությունը պահպանելու լավագույն միջոց (ֆոտոշարք)
Հայաստանի բնակչության շրջանում, մասնավորապես՝ գյուղական և սահմանամերձ համայնքներում, առկա սոցիալական խնդիրներն ուղղակի ազդեցություն են ունենում բնապահպանական խնդիրների առաջացման և սրման ուղղությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության նոր քաղաքականությունն ուղղված է սոցիալական խնդիրների մեղմացման միջոցով որոշ բնապահպանական խնդիրներին լուծում տալուն: «Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագիրն ուղղված է Սյունիքի մարզում պահպանության խնդիրների լուծմանը՝ մի շարք համայնքներում առաջնահերթ անհրաժեշտությունների իրականացման միջոցով: Ծրագրի շրջանակներում կատարված և ապագայում նախատեսվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով եռօրյա այցով Սյունիքի մարզում էին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագիրը մեկնարկել է 2015թ.-ի հունիս ամսին, տևողությունը նախատեսվում է 5 տարի, իսկ ավարտը սահմանված է 2020թ.-ին: Ծրագրի դոնորը գերմանական KfW բանկն է: Այն իրականացվում է Գերմանիայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում, որտեղ Բնապահպանության նախարարությունը Կառավարության կողմից նշանակված է որպես այս ծրագրի գործադիր մարմին: Ընտրվել է նաև միջազգային խորհրդատվական ընկերություն, որը աջակցում է նախարարությանն այս ծրագրի իրականացման համար: Բնապահպանական և սոցիալական կոմպոնենտներն իրենց ֆինանսական կշիռներով գրեթե հավասար են: Սյունիքի մարզում է գտնվում շուրջ 80 հազ. հա տարածք ընդգրկող «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որը բաղկացած է «Շիկահող» պետական արգելոցից, «Սոսու պուրակ», «Խոստուփ», «Զանգեզուր», «Սև լիճ», «Բողաքար» պետական արգելավայրերից և «Արևիք» ազգային պարկից:
«Պահպանվող տարածքների աջակցում-Հայաստան» ծրագրի ազգային հարցերով պատասխանատու Մարտիրոս Նալբանդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծրագրի մեկնարկից շուրջ 1-1.5 տարի, իրականացվել են ուսումնասիրման աշխատանքներ, կարիքների բացահայտման աշխատանքներ՝ և՛ բնապահպանական կոմպոնենտով, և՛ սոցիալական կոմպոնենտով, որից հետո հիմնվելով այդ ուսումնասիրությունների վրա կազմվել է կոնկրետ գործողությունների ծրագիր, և ծրագրի ֆինանսական մեկնարկը տրվել է 2017թ.-ի ապրիլ ամսին:
Մարտիրոս Նալբանդյանն ասաց. «Ծրագիրն ունի հիմնական 2 բաղադրիչ. Սյունիքի մարզի հարավային տարածքի պահպանվող տարածքների կարողությունների հզորացում և այդ տարածքների բուֆերային գոտում տեղակայված 32 համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ապահովում: Ներդրումներն արվել են ինչպես 32 համայնքներում, այնպես էլ՝ նշված 7 պահպանվող տարածքներում: Այսպիսով, պահպանվել է ծրագրի բուն նպատակը՝ զարգացնելով երկու ուղղություններ: 32 համայնքներից 30-ին տրամադրվել է 5000-ական եվրո դրամաշնորհ՝ լուծելու համայնքի առաջնահերթ կարիքները, որոնք բազմազան են եղել, առաջարկներն ուղիղ ստացվել են համայնքներից և եղել են այնպիսի ուղղություններ, որոնց համար շահառու կարող է հանդիսանալ համայնքի յուրաքանչյուր բնակիչ: Օրինակ՝ միջհամայնքային ճանապարհների վերանորոգում, ներհամայնքային խմելու ջրի ցանցի վերանորոգում, մանկապարտեզների վերանորոգում, փողոցային լուսավորության անցկացում, դպրոցի խաղահրապարակի, մարզադահլիճի նորոգում, որոշակի գույքի տրամադրում և այլն»:
Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց ծրագրի հաշվետվողականության, վերահսկողության և միաժամանակ նաև թափանցիկության ապահովման կարևորությունը բոլոր գործընկեր կողմերի համար: «Նախարարի կողմից որդեգրված քաղաքականությունը հետևյալն է. անկախ նրանից դրանք դրամաշնորհներ են, թե բյուջետային միջոցներ, դրանց նկատմամբ հսկողությունը պետք է լինի բարձր, արդյունավետությունը՝ նույնպես: Բազմաթիվ խնդիրներ լուծելուց հետո այս պահին ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է ամբողջ թափով ընթանալու: Այս տարվա վերջին մենք կունենանք շատ ավելի շոշափելի արդյունքներ: Բոլորս կտեսնենք, որ էական ազդեցություն է ունենալու այն բնակավայրերի բնակիչների կյանքի որակի վրա, որոնք կներառվեն ծրագրում: Նշեմ, որ ծրագրում ներառված է 8 բնակավայր և այն հիմնականում պահպանությանն ուղղված ծրագիր է, բայց ունի սոցիալ-տնտեսական և բնապահպանական բաղադրիչներ»,- մանրամասնեց նա:
Այցելության ընթացքում հանդիպումներ եղան Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանի և մի շարք այլ անձանց հետ:
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշեց, որ էներգախնայող համակարգի հիման վրա գործող արտաքին լուսավորությունն այժմ հասանելի է համայնքի 13 բնակավայրի համար։ ««Պահպանվող տարածքների աջակցման» ծրագրի մեկնարկով, եթե չափազանցություն չլինի, Մեղրու համայնքում կատարաված աշխատանքներն ամենաառարկայականն են եղել: Մեղրի համայնքի դերը և՛ ռազմավարական, և՛ բնապահպանական առումներով անգնահատելի է, շատ կարևոր տարածաշրջանում ենք ապրում: Համայնքի տարածքում է գտնվում «Արևիք» ազգային պարկը և դրա զարգացման աշխատանքների ընթացքում շատ մեծ անհրաժեշտություն կա այսպիսի ծրագրերի իրականացման»,- մանրամասնեց նա:
Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ նշեց. «Շատ դեպքերում մենք խոսում ենք բնության պահպանության մասին՝ առանց կարևորելու բնակչի շահը, իսկ բնակչի աղդեցությունը պահպանվող տարածքների վրա ուղղակիորեն կապված է նրանց սոցիալ-տնտեսական վիճակի հետ»:
Ծրագրի շրջանակներում համայնքի փոքր ու մեծ բնակիչներին հնարավորություն ընձեռնվեց նաև իրականացնել սեփական մտահղացումները: Փոքրիկներն իրենց պատմվածքների միջոցով ցուցադրեցին, թե ինչպես կարելի է պահպանել համայնքը բնապահպանական խնդիրներից, իսկ մեծահասակները ներկայացրեցին բիզնես գաղափարներ, որոնք չեն վնասի բնությանը: Որոշ համայքներում իրականացվեցին նաև մրցույթներ, որտեղ բնակիչները ներկայացրել էին իրենց արտադրանքը: Հաղթողները ստացան դրամական մրցանակներ:
Խումբն այցելեց նաև տեղանքի գեղեցկագույն վայրերից մեկը՝ «Սոսու պուրակ» արգելավայր, որտեղ իրականացվել են պատուհանների փոխարինման աշխատանքներ: Զրուցեցինք տեղի բնակիչներից Հասմիկ Ղազարյանի հետ, ում ընտանիքն ուղղակի ստիպված է յուրաքանչյուր օր օգտվել անտառի բարիքներից:
«Մենք այստեղ բնակվում ենք 1985թ.-ից, դեռ պատերազմից առաջ: Ադրբեջանցիները պատերազմի տարիներին մտել են այս գյուղը, ավիրել շենքերը: Երբ պատերազմից հետո վերադարձանք, այստեղ արդեն համարյա տուն չկար: Պետությունը մի փոքր սենյակ տվեց մեզ, մենք էլ որոշ չափով վերանորոգեցինք, բայց դե ցուրտ էր հիմնականում. ճեղքեր կային, ապակիները կոտրված էին: Այս տարի ես մեծ հաճույքով, ուրախ սրտով կարող եմ շնորհակալություն հայտնել այդ ծրագրին, որ այսպիսի գործողություններ է կատարել: Հիմա տանը ջերմությունը մնում է, արդեն այդքան փայտ մենք չենք վառում: Նախկինում երկու վառարան էինք վառում, բայց դե տունը չէր տաքանում: Նախորդ տարի 5-7 խորանարդ մետր փայտ ենք վառել, իսկ պատուհանները փոխելուց հետո, դեռ անգամ 3-ը չենք վառել: Գյուղի բազմանդամ ընտանիքը մենք ենք, գյուղի երիտասարդը, որ ընտանիք ունի, տղաս է, ներկա պահին 6 շունչ ենք ընտանիքում: Ճիշտ է, մեզ մոտ գազ չկա, մենք պետք է օգտվեք փայտից, բայց եթե լուսամուտներն արդեն դրվել են, ահագին ջերմություն է մնում տանը: Այնքան, որ մենք արդեն զգում ենք փոփոխությունը»- ասաց նա:
Տիկին Հասմիկը նաև նշեց՝ քանի որ յուրաքանչյուր տանը հատկացվում է 9 քմ ծավալով պատուհանների փոխարինում, ապա տան պատուհաններից մեկը դուրս է մնացել ծրագրից:
«Սոսու պուրակ» արգելավայրում նախարար Արծվիկ Մինասյանը սոսիների այս տարվա առաջին սերմնացանը կատարեց, որոնց ապագա ճակատագրին կտեղեկանանք արդեն հաջորդ այցելության ժամանակ:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: