2018թ.-ին դեպի Հայաստան էկոտուրիստների թիվը կավելանա. Խաչիկ Հակոբյան
2018թ.-ին դեպի Հայաստան էկոտուրիստների թիվը 20 տոկոսով կմեծանա: Այս մտադրության մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:
Նա մանրամասնեց. «Նույնքան էլ կմեծանան էկոտուրիստների այցելություններից ստացված եկամուտները: Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ հատուկ պահպանվող բնական տարածքների կատարելագործումը 2018թ.-ին կդառնա նախարարության գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկը: Այս նպատակի համար Հայաստանի Բնության պետական թանգարանում ապրիլի վերջին կբացվի էկոտուրիզմի աջակցության տեղեկատվական կենտրոն, որը հնարավորություն կտա այցելուներին ներկայացնել երկրի էկոտուրիստական ամբողջ պոտենցիալը, տեղեկություններ կտրամադրի Հայաստանի հատուկ պահպանվող բնական տարածքների և այնտեղ այցելելու շրջանակում տրամադրվող ծառայությունների մասին»:
Փոխնարարը հայտնեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ են կատարվում նաև միջազգային տուրպորտալներում Հայաստանի էկոտուրիստական երթուղիների մասին տեղեկությունների տեղադրման ուղղությամբ, ինչպես նաև թարմացվում են Վիքիպեդիայում հրապարակված մեր երկրի հատուկ պահպանվող բնական տարածքների մասին հոդվածները: