«Մոնսանտոն» քիչ քանակությամբ սերմեր է ներմուծում մեր երկիր. փոխնախարար

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 26-ին տեղի են ունեցել «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ոլորտի պատասխանատուներ:

Բացման խոսքում հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը նշել է, որ նախորդ գումարման Ազգային ժողովը քննարկել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է, սակայն հետո կառավարության կողմից հետ է վերցվել: Նրա խոսքով՝ խնդիրը կրկին արդիական է դարձել ամերիկյան «Մոնսանտո» ընկերության գործունեության, ինչպես նաև հասարակության կոմերցիոն և գիտական շրջանակներում հակասական տրամադրությունների պատճառով:

Պարոն Գրիգորյանի գնահատմամբ՝ խորհրդարանական լսումների նպատակն է քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկներն ու դիտողությունները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը հիմնական զեկույցում տվյալներ է ներկայացրել «Մոնսանտո» ընկերության գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ այն բանջարաբոստանային մշակաբույսերի քիչ քանակությամբ սերմեր է ներմուծում մեր երկիր. 2017 թվականի տվյալներով շուրջ 125 կգ:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում սերմերի շուկան ազատականացված է, չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների սերմերի ներմուծումը: 2006 թվականին ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենք, որը, անմիջականորեն առնչվելով ոլորտին, սահմանում է Հայաստանում իրացվող սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի ու ակտիվ հավելումների անվտանգությանը, մակնշմանը, փաթեթավորմանը ներկայացվող անհրաժեշտ պահանջներ: Ըստ այդ օրենքի՝ հայերենով պետք է լինի նաև ԳՁՕ-ի վերաբերյալ նշումը, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0.9 տոկոսից բարձր է:

Աշոտ Հարությունյանը ներկայացրել է ԳՁՕ-ների ուղղությամբ նախարարության իրականացրած միջոցառումներն ու քայլերը: Գյուղատնտեսության, Առողջապահության և Բնապահպանության նախարարությունների պատասխանատուների, ՀԿ ներկայացուցիչների, գիտնականների մասնակցությամբ ստեղծվել է հանձնաժողով՝ ԳՁՕ-ների կիրառման անվտանգ վերահսկողության կարգավորման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Բանախոսը տեղեկացրել է նաև, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան վարչություններին հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկների հիման վրա ստեղծել նախագծի աշխատանքային տարբերակ, որը կներկայացվի հանրությանը և լայնորեն կքննարկվի:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ներկայացնելով ոլորտում ՀՀ վավերացրած պայմանագրերը, անդրադարձել է նաև նախորդ գումարման խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածության կենսանվտանգության մասին» նախագծի քննարկման ընթացակարգին: Փոխնախարարը նշել է, որ օրենսդրական կարգավորման հարցում գաղափարական մոտեցումը չի փոխվել, սակայն պետք է ուսումնասիրվեն ԵԱՏՄ ու ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից բխող պարտավորությունները:

Նշվել է, որ մշակվող նախագծով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում ԳՁՕ-ների ստացման, փորձարկման, բազմացման, պահման, ոչնչացման կամ վնասազերծման, ներառյալ արտահանման, ներմուծման և անդրսահմանային տեղափոխության հետ կապված հնարավոր անբարենպաստ ազդեցությունից շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանությանը, կենսանվտանգությանն առնչվող հարաբերությունները՝ հաշվի առնելով մարդու առողջությանը սպառնացող վտանգները:

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն անդրադարձել է մարդու առողջության վրա ԳՁՕ-ների հնարավոր ազդեցությանը և դրա կառավարմանն ուղղված միջազգային մոտեցումներին: Նա ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները ԳՁՕ-ներով սննդամթերքի օգտագործման ռիսկերի վերաբերյալ: Զեկուցողը փաստել է, որ այս պահի դրությամբ Առողջապահության նախարարությունը չունի փաստեր, որ Հայաստանում ԳՁՕ-ների կիրառման հետևանքով առաջացել են առողջական խնդիրներ: Բանախոսը կարևորել է ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերքի վերաբերյալ պիտակավորման պարտադիր լինելը, ինչպես նաև դրա արտահանման ու ներմուծման դեպքում ստուգման փաստաթղթերի առկայությունը:

Հիմնական զեկուցողներին ուղղված հարցերը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների ելույթները վերաբերել են մարդու օրգանիզմի վրա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ պարունակող սննդամթերքի ազդեցությանը, օգտագործման ռիսկերին, այլ երկրներում դրանց կարգավորմանը, արտադրող երկրներում սպառման ու արտահանման վիճակագրությանը, սպառողների շահերի պաշտպանությանը, այդ մթերքների իրացման հարցում գնային քաղաքականությանը, Հայաստանում այդ բույսերի մշակման ծավալներին: Առաջարկվեց ուսումնասիրել այն երկրների փորձը, ուր արգելվում է դրանց ներմուծումն ու արտադրությունը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արաիկ Հովհաննիսյանը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին արդյունավետ քննարկումների համար, նշել է, որ լսումների նպատակն էր հասկանալ մեր երկրում այս ոլորտում գործող ընթացակարգերը: Նա կարևորել է միջազգային փորձի համադրումը Հայաստանի ունեցած հնարավորություններին: Արաիկ Հովհաննիսյանը կարևորել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը:

Եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովը հետևողական կլինի հետագա աշխատանքներում՝ հաշվի առնելով, որ քննարկվող հարցը հանրությանն ու հատկապես սպառողների շահերին է վերաբերում:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում