Էս էն երկիրն ա, որտեղ քո սեփական հայրենիքում քեզ թողնում են անհայրենիք…
«Էս էն երկիրն ա, որտեղ հանքավայրը բացում են հենց գյուղի գլխին ու ցանկապատով գծում սահմանը. էս ձերն ա եղել, էսօրվանից արդեն մերն ա: 300 տարի առաջ ձեր նախնիները Պարսկաստանից իզուր ներգաղթեցին ու հիմնեցին էս գյուղը, իզուր գտան էս գեղեցկուհուն ու փայփայեցին մինչ էսօր: Էզուր եկան, քանի որ գալու էինք նաև մենք, գալու էինք ու մի քանի հոգով բռնաբարենք ձեր գեղեցկուհուն, բռնաբարելու ենք, որովհետև նրանից, նրա գեղեցկությունից օգտվելու այլ շնորհ չունենք, ուղղակի չունենք: Ու վերջում գոտիի վրա ևս մեկ ծակ ավելացնելով՝ փնտրելու ենք նոր գեղեցկուհիներ: Իսկ դուք, ականջներիդ օղ արեք, որ էս ամենը հենց ձեզ համար ա արվում, որ դուք «աշխատատեղ» ունենաք ու շարունակեք ձեր ողորմելի գոյությունը ձեզ թողած տարածքում՝ բռնաբարված մարմինների կողքին:
Էս էն երկիրն ա, որտեղ մեկ տարի առաջ ամենաբարձր մակարդակով գյուղացուն երաշխավորում են, որ հանքավայրը կսահմանափակվի 88 հա տարածքով, բայց արդեն այսօր իմանում ես, որ գյուղի հենց հարևանությամբ գտնվող արոտավայրերն են ցանկանում վերցնել. հանքն անտառից իջավ արոտավայր:
Էս էն երկիրն ա, որտեղ էս ամեն ինչի դեմը առնելու անկարողությունից սրա հեղինակների հանդեպ ատելությունդ ավելի մեծ ա, քան էն թուրքի, երբ մանուկ հասակում առաջին անգամ լսեցիր, որ ինքը հայ ա մորթել:
Էս էն երկիրն ա, որտեղ ինչքան փորձում ես այսպիսի մտքեր չգրես, պոզիտիվ լինես, առանց այդ էլ չափից շատ գաղջը չավելացնես, միևնույնն ա, չի ստացվում: Չի ստացվում, որովհետև քո՝ երբեմնի չքնաղ ծննդավայրի հանքերի փոշու, ավերվող անտառի, աղտոտված գետերի, խեղվող լանդշաֆտի, խաբված ու հուսալքված մարդկանց դեմքերը խեղդում են քո մեջ ամենակարևորը՝ կյանքը:
Էս էն երկիրն ա, որտեղ կարճաժամկետ հանքարդյունաբերական ծրագրերով դու ընդմիշտ կորցրել ես հորդ ծննդավայրը՝ Մեղրիի Լիճք գյուղը, և մյուս նախագծով անցնում են բազմամետաղ հանքավայրի մեկ այլ համեղ պատառի, ու էս անգամ կորցնում եմ արդեն մորս ծննդավայրը՝ Մեղրիի Վանք գյուղը:
Մարդուն կորցնելուց հետո դու նրան հիշում ես նրա կենդանության պատկերով, բայց ինձ այժմ ստիպում են իմ ամբողջ կյանքը նայել մահացած Լիճքին: Ու դա պիտի անեն նաև իմ սերունդները:
Էս էն երկիրն ա, որտեղ քո սեփական հայրենիքում քեզ թողնում են անհայրենիք…
Էս էդ երկիրն ա»:
Գագիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից:
Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:
