Գալիք տարին ծանրաբեռնված ու արդյունավետ աշխատանքային տարի է լինելու. Արծվիկ Մինասյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տարվա ամենահեքիաթային այս ժամանակահատվածում ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ և շնորհակալական խոսք ասել անցնող տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կատարած համատեղ աշխատանքի համար:
Բնապահպանական խնդիրներն առնչվում են բոլորիս և առանց դրանց լուծման` Երկիր մոլորակի գոյությունը և նրա բնակիչների առաջընթացի հեռանկարը մշուշոտ կլինեն:
ՀՀ կառավարությունը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, իրականացնում է ոլորտի բարեփոխումների հիմնարար միջոցառումներ: Անցնող տարում տրվել է արմատական փոփոխությունների մեկնարկը, և գալիք տարին ծանրաբեռնված ու, համոզված եմ, արդյունավետ աշխատանքային տարի է լինելու: Սակայն բնապահպանական խնդիրների լուծումն անհնար է միայն պետական միջոցներով, այն յուրաքանչյուրիս ջանքերի մեկտեղման, մեզանում բնապահպանական մշակույթի ձևավորման արդյունքում կարող է ապահովվել: Շնորհակալություն եմ հայտնում հասարակական, միջազգային կազմակերպություններին և բնապահպանական հարցերով մտահոգ քաղաքացիներին` անցնող տարում համատեղ աշխատանքի համար և ակնկալում, որ 2018թ.-ին այդ համագործակցություն էլ ավելի կընդլայնվի ու կխորանա, ինչն էապես կբարձրացնի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում բարեկեցություն և բարօրություն, Ձեր ընտանիքներին՝ սեր և երջանկություն, երկրին` խաղաղություն: Թո´ղ գալիք տարում մեր պետությունն էլ ավելի հզորանա: Թո´ղ Նոր տարին լինի բեղմնավոր աշխատանքի, արարումների, հաղթանակների և նպատակների իրականացման տարի»:
