Սա աննորմալ է. Արծվիկ Մինասյանը՝ Ախթալայի ԼՀԿ կողմից վթարը «թաքցնելու» մասին

Ախթալայի ԼՀԿ-ում տեղի ունեցած վթարի գործով Բնապահպանության և ընդերքի տեսչությունում հարուցված վարույթ կա: Այս մասին դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Լրագրողների հարցերին ի պատասխան նախարարն ասաց. «Ես ձեռնպահ կմնամ հիմա հայտարարելուց որոշակի կոնկրետ բաներ, որովհետև վարույթի ընթացքում թե՛ փորձանմուշներ և թե՛ փորձաքննության իրականացման ընթացակարգ նախատեսված է, բացի այդ տեսչական մարմինն ինքն է որոշելու այնտեղ ստուգումներ իրականացնի, թե՞ զննության համակարգով ամբողջական խնդիրները բացահայտի: Այս պահի դրությամբ ասեմ, որ այն գտնվում է տեսչական մարմնում ուղիղ հսկողության տակ և անմիջական ներգրավվածությունը կա: Բնապահպանության նախարարությունն այստեղ ոչ միայն ահազանգը փոխանցողի, այլև մեր մասնագիտական մոտեցումները ներկայացնողի դերում է հանդես գալիս»: 

Ըստ Արծվիկ Մինասյանի, գործի քննության ավարտից հետո ավելի պարզ կլինի անձանց պատասխանատվությունը վարչական կամ քրեական ուղղվածության: Այս պահին գնահատել, թե այն քրեական պատասխանատվություն է առաջացնում, թե՞ վարչական, նախարարը դժվարացավ պատասխանել, քանի որ գործը գտնվում է քննության փուլում:

«Կոնկրետ այդ մասով, մենք ունենք հարուցված վարույթ, քանի դեռ արդյունքը պարզ չէ, որևէ գնահատական սիրողական մակարդակով, ինձ համար ընկալելի չէ: Իհարկե, մտահոգությունը կա և հենց այդ մտահոգությունն էլ փոխանցվել է: Դրա համար ավելի լավ է մենք սպասենք արդյունքներին, որպեսզի կարողանանք լիարժեք ասել՝ ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն: Ցանկացած դեպքում, վստահ եղեք, որ թե արտակարգ իրավիճակների նախարարությունը, թե մեր՝ բնապահպանության ոլորտի իրավասու պատասխանատուներն, ամբողջությամբ գործողություններ ձեռնարկելու են ըստ վտանգավորության աստիճանի: 

Լրագրողի մտահոգությանը, թե դեպքի մասին հայտնի է դարձել միայն օրեր անց, նախարարը պատասխանեց. «Բոլոր դեպքերում աննորմալ է, որ նման իրավիճակների ժամանակ առաջին արձագանքումը շատ արագ չի լինում: Սա աննորմալ է, դրա համար համակարգային փոփոխություններ ենք իրականացնում»: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում