Որսագողությունը մեր մարզում շատ տարածված երևույթ է. ինչպես է սիգը «հայտնվում» Երևանի փողոցներում
Օրերս «Էկո-Մեդիա» ցանցի լրագրողական խումբը Գավառ քաղաքում էր՝ մասնակցելու դեկտեմբերի 20-ից հունվարի 15-ը Սևանա լճից ձկան որսի խստիվ արգելքի վերաբերյալ խծորհրդակցությանը: Ներկա էր նաև «Սևան» ազգային պարկի երիտասարդ տնօրեն Վահե Գուլանյանը, ում չհաջողվեց խուսափել լրագրողների մի շարք հարցերից:
Այսօր, երբ ձկան որսի արգելքն արդեն ուժի մեջ է, սակայն հանրապետության փողոցները լեցուն են սիգի վաճառք իրականացնող անձանցով, հարցերն ակամայից ուղղվում են առաջին հերթին ազգային պարկի տնօրենին:
Լրագրողների խումբը պարոն Գուլանյանից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս են արգելքին վերաբերում տեղի բնակիչները:
«Իհարկե, բողոքներ կարող են լինել, որովհետև արգելքը ոչ մեկի համար էլ հաճելի երևույթ չէ, բայց մեր ազգաբնակչությունը պետք է գիտակցի, որ արգելքը զուտ ինքնանպատակ չէ և չի արվում ուղղակի ինչ-որ հանգամանքներ խստացնելու և մարդկանց պատժելու համար: Արգելքն անում ենք ստիպված՝ ելնելով սիգ և իշխան ձկնատեսակների կենսական պահանջներից, քանի ձկները ջրի այս ջերմաստիճանի պայմաններում, այս սեզոնին ձվադրում են և անհրաժեշտություն կա իրականացնելու խիստ պահպանություն, որպեսզի այդ տեսակներն իսպառ չվերանան և մենք պաշարներ ունենանք»,- ասաց նա:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, երբ Բնապահպանական և ընդերքի տեսչության աշխատակիցները, մի քանի լրագրողների հետ միասին ստուգայց էին կատարում Երևանի փողոցներով և առգրավում վաճառվող սիգ տեսակի ձկները, վաճառողները վրդովվում էին՝ ասելով, թե այս դեպքում ինչո՞ւ և ինչպե՞ս է սիգը հասել Երևան, ինչպե՞ս են արգելքի առկայությամբ ձկնորսները որս կատարում:
Լրագրողները Վահե Գուլանյանի հետ զրույցում (ով ի դեպ, ձկան որսի արգելքի պահպանման պատասխանատու կառույցներից մեկի ղեկավարն է) հարցադրում ուղղեցին նաև վերջինիս անձի շուրջ պտտվող լուրերի մասին, այն է՝ ձկան ապխտման բիզնեսի:
«Լավ ասեցիք, լուրեր են պտտվում... լուրեր են: Նմանատիպ բան չկա միանշանակ, ես պայքարում եմ դրա դեմ, և բնականաբար դա չի կարող ինչ-որ կերպով ինձ հետ կապ ունենալ: Շատ լուրեր են պտտվում, շատ լուրեր կարող են պտտվել իմ մասին, ինձ ճանաչողները գիտեն՝ ես ինչ միջոցներով և ինչի եմ ընդունակ բնության համար պայքարելու»,- պատասխանեց Գուլանյանը:
Լրագրողների մեկ այլ հարցին, թե իրականում ովքեր են որսագողերը, պարոն Գուլանյանը պատասխանեց, որ որսագողությունն իրենց մարզում շատ տարածված երևույթ է: «Դա ազգաբնակչության հիմնական ապրուստի միջոցն է: Պատկերացրեք այստեղ մեր մարզի մեծ մասը զբաղեցնում է Սևանա լիճը, չունենք գյուղատնտեսական հողեր և ընդհանրապես այս կլիմայական պայմաններում գյուղատնտեսության մասին խոսելն անիմաստ է: Որոշ հատվածներում կա անասնապահություն, բայց շատ փոքր ծավալների մասին է խոսքը: Շարունակաբար հենց ձուկն է մարզի հիմնական եկամտի աղբյուրը և հիմնական հացը, այդ պատճառով երևույթն այստեղ տարածված է և արմատավորվել է: Ձկնորսները ուղղակի մեր համայնքների բնակիչներն են, ինչ-որ հատուկ մարդիկ չեն: Բոլոր համայնքներում ձկնորսությունը կա: Կան համայնքներ, որոնք ավանդաբար կապված են այդ երևույթի հետ և ավելի սուր է արտահատված»:
Իսկ այն տեղեկությունը, որ համայնքների բնակիչները երբեմն անգամ զինված են դուրս գալիս լիճ և ձկնորսությամբ զբաղվում, ազգային պարկի տնօրենը չհերքեց՝ ասելով. «Դա նոր երևույթ չէ, միշտ էլ եղել է, եղել են շատ լուրջ բախումներ և առճակատումներ, քանի որ խնդիրը կապված է մարդկանց հանապազօրյա ապրուստի հետ, երեխաներին կերակրելու հետ և սա ֆենոմեն չէ, ամբողջ աշխարհում ձկան պայքարը կապված է լուրջ բախումների հետ: Որ երկրում ուզում եք նայեք»:
Նշենք, որ իրականում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը հանդիսանում է պահպանող մարմնի գործունեությունը ստուգող մարմին: Այսինքն՝ այն, որ անգամ արգելքի պարագայում սիգ տեսակի ձուկը հայտնվում է վաճառքի կետերում, առաջին հերթին պահպանող մարմնի խնդիրն է:
Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: