Խոշոր ծառահատում՝ Դավթաշեն վարչական շրջանում (ֆոտո)

Երևանի Դավթաշեն վարչական շրջանում այսօր խոշոր ծառահատումներ են տեղի ունեցել: Նախկին «Դեյզի» այգու տարածքում գտնվող ծառերն արդեն ամբողջությամբ հատվել են: Ինչպես մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, այգին հանդիսանում է մասնավոր սեփականություն:

«Տարածքն արդեն մոտ 20 տարի է, ինչ չի հանդիսանում համայնքային սեփականություն: Իմ լիազորությունների շրջանակներում ես արդեն գրություն եմ ուղարկել բնապահպանության տեսչությանը: Իրենք կգան և կպարզեն տեղի ունեցածը: Ես գիտեմ, որ տարածքը մասնավոր է, իսկ մնացած հանգամանքները կպարզի տեսչությունը»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Նշենք, որ այգին տարիներ շարունակ հանդիսացել է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո) սեփականությունը: Հնաբնակ դավթաշենցիները կփաստեն, որ այգին հիմնվել է համայնքի կառուցումից գրեթե անմիջապես հետո՝ 1989թ.-ին: Նույն ժամանակահատվածում վարչական շրջանի ղեկավար է հանդիսացել Ռուբեն Գևորգյանը: Արդեն մոտ 1999-2000թ.-ին այգու դիմաց ցուցանակ էր փակցված՝ «Սիրելի դավթաշենցիներին Ռուբեն Գևորգյանի կողմից» գրությամբ: Մասնավոր դարձած այգին տարիներ շարունակ կառավարվում էր նախկին պատգամավորի և նրա ընտանիքի անդամների կողմից: Այգու ոչնչացման աշխատանքները սկսել են դեռ այն ժամանակ, երբ այդ տարածքում կառուցվում էր «Ռիբոկ» սպորտային համալիրը, որն էլ, ըստ էության, պատգամավորի դուրստր՝ Արմենուհի Գևորգյանին է պատկանում: Դավթաշենի խորհրդանիշ համարվող այգին փաստորեն արդեն ամբողջությամբ ոչնչացվել է:

Իրականացված ծառահատումների մասին մանրամասներ ճշտեցինք նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանից, ով նշեց՝ տեսաչական մարմինը չի արձագանքել բնապահպանական իրավախախտում: «Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված այցի արդյունքում պարզվել է, որ տարածքը հանդիսանում է մասնավոր սեփականություն: Հիմք ընդունելով Քաղաքացիական օրենսգիրքը և «Բնապահպանական իրավախախտումների հետևաքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները» օրենքը, բնապահպանական իրավախախտում, որպես այդպիդին, առկա չէ»,- մանրամասնեց նա:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «Հոդված 202. Հողամասը՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտ...

2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: 

Նշենք, որ տվյալ տարածքը բազմաթիվ անգամներ հանդիսացել է նման դեպքերի կիզակետ: Բիզնես նպատակներից ելնելով այս տարածքը բազմիցս ենթարկվել է նման «բարբարոսության»:

Լուսանկարները՝ Արմեն Հակոբյանի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում