«Հոգա շան մասին». երեխաները սովորում են ինչպես սիրել և խնամել շանը (ֆոտոշարք)

«Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպություն հայաստանյան ներկայացուցչության ջանքերով արդեն տարիներ շարունակ Հայաստանի մի շարք դպրոցներում անցկացվել է «Հոգա շան մասին» ինտերակտիվ դասընթացը, որի միջոցով դպրոցի աշակերտները հնարավորություն են ստացել սովորել շան հետ շփվելու, նրա մասին հոգալու, ինչպես նաև անվտանգության կանոնները:

Այս անգամ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մասնակցեց Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցում կայացած դասին, որը հետաքրքիր էր թե երեխաների և թե մեծահասակների համար: Աշակերտները տարբեր խաղերի միջոցով սովորեցին հարկ եղած դեպքում շնից պաշտպանվելու, կենդանիների հետ վարվելու և նրանց մասին հոգալու կանոններ: 

«Երբ երեխաներին առաջարկում ես այլընտրանքային դասի տեսակ, որը չի ենթադրում գնահատական, չի պահանջում դաս սովորել, երեխաներն անմիջապես ներգրավվում են և երբ այդ գործընթացն արդեն վերածվում է խաղի, նրանք դրա համար ստանում են մրցանակներ, ոգևորությունը հասնում է առավելագույնի: Երեխաները խաղի միջոցով շատ արագ ընկալում են թեման և կարողանում են վերարտադրել: Շատ հաճախ նրանք հեռանում են դասից՝ սպասելով, որ նորից պետք է կրկնվի, կամ ակնկալում են, որ հաջորդ անգամ պետք է գաս կենդանի շան հետ, որպեսզի իրենք կարողանան անմիջապես հաղորդակցվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության կրթական ծրագրի պատասխանատու Կարինե Փանոսյանը: 

Դասընթացին ներկա էր նաև դպրոցի աշակերտուհի Տաթև Պողոսյանը, ով նաև «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության կամավորներից է: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ է սովորել «Հոգա շան մասին» դասից. «Ինձ շատ տպավորեց դասը, քանի որ հետաքրքիր է իմանալ, թե ինչպես շփվել շան հետ և երբ իմացա, որ կարելի է կամավոր դառնալ ու երեխաներին օգնել այդ հարցի պատասխանները գտնել, որոշեցի դառնալ: Երեխաներին դուր է գալիս, նրանք անընդհատ հարցեր են տալիս կամ իրենցից են ինչ-որ բաներ ավելացնում: Երբ տանը պատմում եմ քույրերիս, եղբայրներիս նրանք էլ են ցանկանում այցելել այդ դասին, խաղեր խաղալ, պատմել, շատ հետաքրքիր գործընթաց է: Ես մեկ շատ վատ բան էի անում. շանս քաղցրավենիք էլ էի տալիս՝ կոնֆետներ, փոքրիկ քաղցր կեքսեր, բայց այլևս չեմ կրկնի այդ սխալը»:

Կարինե Փանոսյանն ավելացրեց. «Աշխատել ենք տասնյակ դպրոցների և 3000-ից ավելի աշակերտի հետ ոչ միայն Երևանում, այլ նաև տարբեր մարզերում: Մենք տարբեր մարզերից պարբերաբար ստանում ենք հրավերներ իրենց դպրոցներում նույնպես անցկացնելու այդ դասընթացը»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում