«Կանաչ սիմֆոնիա». Իջևանի փոքրիկ դրախտը (ֆոտոշարք)
Նոյեմբերի 11-ին Էկո-Մեդիա ցանցի լրագրողներն այցելեցին Իջևան քաղաքում գտնվող «Կանաչ սիմֆոնիա» անվանմամբ դենդրոպարկը, որն իր գեղեցկությամբ փոքրիկ դրախտ է հիշեցնում Հայաստանում: Դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը լրագրողների խմբին ներկայացրեց այգու առավելությունները՝ շեշտելով, որ Իջևանի դենդրոպարկն իր հատուկ ծառատեսակներով զիջում է միայն Երևանի Բուսաբանական այգուն:
Նշենք, որ Իջևանի այցետոմս հանդիսացող դենդրոպարկը հիմնադրվել է 1962թ-ին: Դենդրոպարկի հիմնադիրներն են Հայգիտանտառ փորձկայանի, ի դեմս տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մուշեղի Հախինյանը և ավագ գիտական աշխատող, անտառային տնտեսության ինժեներ Գրիգոր Իվանի Ադամյանցը, որոնց հետ միասին աշխատում էր նաև Լյուդվիգ Սայադյանը: Լյուդվիգ Սայադյանը համարվում է այդ շնորհալի գործի պահպանողը և շարունակողը:
Իջևանի դենդրոպարկը ներկայումս աշխարհի այլ աշխարհագրական շրջաններից ներմուծված ծառերի և թփերի տեսակային կազմով հանրապետությունում ամենահարուստներից է և հետաքրքրականը: Բազմաթիվ փորձարկված ծառերից ու թփերից 640 տեսակ և ձև իրենց տեղն են գտել Իջևանի հողակլիմայական պայմաններում:
Տնօրենը նշեց, որ այստեղ է գտնվում աշխարհում արջատխլենու միակ ծառուղին: Տնօրենը թվարկեց նաև Կարմիր գրքում գրանցված տեսակները՝ Կենի հատապտղային, ուրիշ Կենի, Սեքվոյա դենդրոն, Մետա Սեքվոյա: «Մետա Սեքվոյան Չինաստանում, իմիջիայլոց, մնացել է ընդամենը 800 հա-ի վրա, բայց աշխարհի բոլոր բուսաբանական այգիներն ունեն այս ծառից, շատ արագաաճ, գեղեցիկ տեքստուրայով բնափայտ է ու թեթև»,- ասաց նա:
Հավելենք նաև, որ մուտքը բաց է, անվճար:
Նյութը պատրաստեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: