«Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող գործարանի շինարարական աշխատանքները դադարեցված են
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Կոտայքի մարզի, ք. Եղվարդի «Նատի» թաղամասի բնակիչների ահազանգերի վերաբերյալ տեղեկացնում է, որ «Արմօյլ» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթով ձեռնարկված գործողությունների արդյունքում ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի 18.10.2017թ. № ՎԴ/02-Ա որոշմամբ «Արմօյլ» ՓԲԸ-ն պարտավորեցվել է դադարեցնել ՀՀ Կոտայքի մարզում, ք.Եղվարդում նավթամթերքի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքների իրականացումը, մինչև վերջինիս կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության իրականացումը:
Նշենք, որ Եղվարդ քաղաքում «Արմօյլ» ընկերությունը պատրաստվում էր շահագործել նավթամթերքի վերամշակման գործարան, որի անմիջապես դիմաց գտնվում է Եղվարդ քաղաքի Նատի թաղամասը, ինչպես նաև պտղատու ծառեր և սննդամթերք արտադրող գործարաններ: Բնակիչների ահազանգերի հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ ընկերությունը չունի նման գործարան կառուցելու համար անհրաժեշտ փաստաթղթեր: