«Անմարդկային ժամանց». Ռեստորանում պահվող գայլի ձագի հետքերով

Ինչպես տեղեկացրել ենք, Կիևյան փողոցի Լա Վիստա ռեստորանում պահվում է գայլի ձագ: Մեր տեղեկությունների համաձայն, գայլին անգամ տանում են զբոսանքի այլ կենդանիների, օրինակ՝ շների հետ: Նշենք, որ գայլը վայրի կենդանի է և կարող է վտանգավոր լինել հասարակության համար:

Տեղեկությունները ճշտելու նպատակով դիմեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որտեղից մեզ պատասխանեցին. «2017 թվականի հոկտեմբերի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տեսուչներն այցելել են «Լա վիստա» ռեստորանի տարածք և տեղում պարզել, որ ազատավանդակում պահվում է մեկ հատ, մոտ 5 ամսական էգ գայլ, որը տնօրենի հավաստմամբ ստացել է որպես նվեր: Գայլն ունի 2 ազատավանդակ, մեկը վերանորոգվում է (չափսերն են՝ 2,3 × 7,7 = 17,71 քառ.մետր, 2,3 մետր բարձրությամբ), մյուսի չափսերն են` 1,9×1,4= 2,66 քառ.մետր, 2,2 մետր բարձրությամբ)»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը հայտնեց նաև, որ հանձնարարվել է գայլին պահել շրջապատի համար անվտանգ պայմաններում, կատարել համապատասխան սանիտարական կանխարգելիչ պատվաստումները և գայլի ազատավանդակը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 26.06.2009թ. թիվ 725-ն որոշմամբ հաստատված, վայրի կենդանիներին անազատ վիճակում պահելու նորմատիվ պահանջներին (1 գայլի համար 20 քառ.մետր մակերեսով և 3 մետր բարձրությամբ ազատավանդակ): Կենդանուն հաշվառելու համար տվյալները ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալություն: 

Նշենք, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում շուտով նախատեսվում են փոփոխություններ, որոնցով նաև նախատեսվում է վայրի և Կարմիր գրքում գրանցված կենդանիներին անազատ կամ կիսազատ պայմաններում պահելու պահաջների խստացումներ: Այս տարվա հուլիս ամսին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասել է. «Անազատության և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահման խնդիրների կարգավորումը գտնվում է Կառավարության գերակա խնդիրների շարքում և մենք մի շարք գործողություններով ձեռնամուխ ենք եղել այս խնդրի կարգավորմանը: Մենք փոփոխություններ ենք նախատեսել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում, որն այս պահին գտնվում է Կառավարությունում: Փոփոխություններով նախատեսված են հստակ մոտեցումներ, խստացումներ, նոր մոտեցումներ: Հույս ունենք, որ մինչև ԱԺ աշնանային նստաշրջան հնարավորություն կունենանք վերջնական տեսքի բերված փաթեթը ներկայացնել ԱԺ դատին»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում