Գագիկ Ծառուկյանի որսահանդակները կդառնան արգելոցներ. Արծվիկ Մինասյան
«Մեր առաջարկն այն էր, որ լավ կլինի «Սաֆարի ինթերնեյշնլը» բերվի ժամանակակից օրենսդրության պահանջներին համապատասխան: Այդ որսորդական տնտեսությունը 2006թ.-ին ստացել էր թույլտվություն: Ի ուրախություն մեզ, Գագիկ Ծառուկյանն առաջարկում է, որ հրաժարվենք ամբողջությամբ որսորդական տնտեսությունից և այն դիտարկենք հատուկ պահպանվող տարածք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին նախարարը հանդիպում ունեցավ Ջրվեժ անտառ-պուրակում «Էկո-մեդիա ցանց»-ի լրագրողների հետ, որի ընթացքում քննարկվեցին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ որսորդական հանդակների արդյունավետության մակարդակը:
««Բեզոար» հիմնադրամի կողմից վարձակալված տարածքներն ու «Սաֆարի ինթերնեյշնլի» կողմից վարձակալված տարածքներն ամբողջությամբ կմտնեն և մեկ հատուկ պահպանվող տարածք կդառնան, կարճ ասած՝ արգելավայր: Այստեղ բացառվելու է որսը: Սա ամենամեծ ձեռքբերումներից մեկն է ինձ համար որպես Բնապահպանության նախարար, որը մենք ունենալու ենք շուտով: Ամենաուրախալին այն է, որ մարդիկ ուզում են հատուկ պահպանվող տարածք ստեղծել կենդանական և բուսական աշխարհը պահպանելու այլ դրանք ոչնչացնելու նպատակով: Թեկուզ դրանք լինեն մասնավոր»,- մանրամասնեց նա:
Նախարարը նշեց, որ իր կողմից արդեն իսկ տրվել են հանձնարարականներ ստորաբաժանումներին, որպեսզի օժանդակեն քարտեզագրման, գիտահետազոտական աշխատանքների, հաշվառման աշխատանքների կազմակերպման հարցում: «Առաջարկել ենք նաև պարոն Ծառուկյանին, որ ինքը համապատասխան մասնագետների նշանակի, որոնք կանոնների վրա են աշխատելու ու առաջիկայում, ամենայն հավանականությամբ, կստորագրենք հուշագիր հատուկ պահպանվող տարածքի ստեղծման ուղղությամբ, որտեղ բոլոր կանոնները խստագույնս պահպանելով հանդերձ մենք ըստ էության կունենանք մեր երկրում առաջին խոշոր նմանատիպ հատուկ պահպանվող տարածք ստեղծելու ծրագիրը»,- ասաց Արծվիկ Մինասյանը: