Սպիտակագլուխ անգղերի որսած անձը Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն է. նոր մանրամասներ (ֆոտո)
Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվեց պարզել, որ 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:
Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:
Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատաքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ:
Արթուր Մկրտչի Մկրտչյանի մյուս լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս իրականում «անօրինական» որսի սիրահար է:
Ահա երկու սպիտակագլուխ անգղերը՝
Ինչպես գրում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը, հետևյալ լուսանկարում փասիան է, որը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Լյուբա Բալյանը գրում է. «Իսկ այ էս մեկը լրիվ հետաքրքիր ա.
Արոս, տափաստանային բնակիչ, ՀՀ-ում գրեթե այլևս չի հանդիպում, կամ որովհետև նրանց կենսամիջավայրը մեզ մոտ սահմանամերձ է, իսկ դա նշանակում է որ կամ զինծառայողն ա սատկացնում, կամ էլ ....... այ սենց»: /Լուսանկարը ստորև/
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակումից հետո Բնապահպանության նախարարությունը գրեց. «ՀՀ բնապահպանության նախարարությունը հոդվածի հրապարակման պահից, այն փոխանցել է իրավապահ մարմիններին և ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ հրապարակման մեջ առկա փաստերն ուսումնասիրելու և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար»: