Գյուղացիների հետևում փայտի բիզնեսով զբաղվողներն են. Արծվիկ Մինասյան
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զանգվածային լրատվության միջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է իր ղեկավարած գերատեսչության վերջին մեկ տարվա աշխատանքների արդյունքները։
Պատասխանելով «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների դեմ խստացված միջոցառումների դեմ Հաղարծին գյուղում կազմակերպված բողոքի ակցիաներին վերաբերող հարցին` Արծվիկ Մինասյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել մի երևույթի վրա, երբ մի կողմից նախարարությունից պահանջում էին խստացնել ապօրինի ծառահատումների դեմ պայքարը և երբ այդ ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է առարկայական միջոցառումներ, հնչում են հակառակ պնդումները, որոնք սփռվում են նաև մամուլով, թե գյուղացուն զրկում են ապրուստի միջոցից: Նախարարը շեշտել է, որ որևէ գյուղացի, ով հոգում է իր տան վառելափայտի հարցը` խնդիր չի ունեցել, քանի որ նաև ՀՀ կառավարության որոշմամբ նրանց անվճար հատկացումներ են արվում: Խստացման միջոցառումներն ուղղված են այն անձանց դեմ, ովքեր էլ գաղաքացիներին կազմակերպված դուրս են բերում փողոց` փորձելով իրենց անօրինական բիզնես շահը ներկայացնել գյուղացիների ապրելու բնական իրավունքի իրացում: «Սոցիալական խնդիրներ ունեն բոլոր մարզերի բնակիչները և չի կարելի ապօրինի ծառահատումները հիմնավորել դրանով: Սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ բանակցություններ են տարվում այդ համայնքներում կողմնակի անտառօգտագործմանը նպաստող ծրագրեր իրականացնելու համար»,- ամփոփել է ՀՀ բնապահպանության նախարարը: