Վերջին 12 տարիների ընթացքում այդպիսի բռնկում չէր եղել. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն
«Այս երևույթը մարդկանց վրա առանձնապես ազդեցություն չի թողնում, բայց կարող է թողնել, եթե դա անմիջականորեն հասնի Երկրի մակերևույթ: Սական, որպես կանոն, այն մթնոլորտի բարձր շերտերում սպառում է իրեն, իր ազդեցությունը թուլանում է և հանգչում է»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:
Պարոն Միքայելյանը նշեց. «Բյուրականի աստղադիտարանում մենք Արեգակի ուսումնասիրությամբ չենք զբաղվում: Մենք ուսումնասիրում ենք հեռավոր աստղերն ու գալակտիկաները, բայց այնուամենայնիվ որպես աստղագետ հետևում ենք Արեգակի մակերեսին տեղի ունեցող հետազոտություններին: Գոյություն ունեն հատուկ արեգակնային աստղադիտարաններ, որտեղ դիտում և ուսումնասիրում են Արեգակը հատուկ սարքավորումների միջոցով: Արեգակի ակտիվությունը 11 տարվա պարբերաշրջան ունի և այս ընթացքում այն անընդհատ ավելանում կամ պակասում է: Արեգակի վրա տարբեր ազդեցության դրսևորումներ կան, օրինակ՝ արևաբծեր, հրվիճակներ, որոնց ուժգնությունը ևս տատանվում է: Այս դեպքում հետաքրքիր է, որ բռնկումը տեղի է ունեցել ոչ թե ակտիվության պիկում, այլ պասիվության շրջանում, բայց այս երևույթն էլ երբեք չի բացառվում, այն կարող է տեղի ունենալ ցանկացած ժամանակ: Արեգակի մակերևույթն անընդհատ եռռում է և տարբեր երևույթներ են տեղի ունենում: Վերջին բռնկումը շատ հզոր էր և վերջին 12 տարիների ընթացքում այդպիսինը չէր եղել: Ուշագրավ է նաև, որ բռնկումը տեղի էր ունեցել արևաբծերի միացման տեղում, ինչը սովորաբար մագնիսական դաշտերի հետ են կապում: Հետո արեգակնային քամու միջոցով այն հասնում է Երկրագնդին՝ մթնոլորտի բարձր շերտերին և առաջացնում է Երկրագնդի մագնիսական դաշտի փոթորկումներ: Եթե դրանք շատ հզոր փոթորկումներ են, ապա կոչվում են գեոմագնիսական փոթորիկներ, այլ դեպքում դրանք ուղղակի փոփոխություններ են, որոնք մեզ մոտ այդքան ուժեղ չեն դիտվում: Այս անգամ իհարկե նկատվեց գեոմագնիսական փոթորիկ, որն առավել ուժեզ աղդեցություն է ունենում էլեկտրակայանների և հեռահաղորդակցման սարքավորումների վրա»:
Որպես նման երևույթի հետևանք պարոն Միքայելյանն առանձնացրեց հատկապես ժամանակավոր ընդհատումները տիեզերանավերի վրա, հաղորդակցության և այլն: Այս ազդեցությունը տեղի է ունենում Երկիր մոլորակի շրջակայքում, իսկ մակերևույթի վրա թեթևակի է եղել ազդեցությունը:
«Պատճառը Արեգակի մակերևույթի և մթնոլորտի ամենավերին շերտերի տատանումներն են: Այսինքն, Արեգակի մակերևույթն անընդհատ եռռում է և անհամատեղությունները բերում են այսպիսի երևույթների: Այս գործընթացն անընդհատ է տեղի ունենում: Անհանգստանալու կարիք այլևս չկա, որովհետև արդեն անցել է»,- եզրափակեց նա: