ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. Որքան տարածք է այրվել Խոսրովի և Արտավանի անտառներում

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը ներկայացնում է վերջերս ՀՀ-ում գրանցված երկու խոշոր հրդեհների մասին թվային տվյալներ: Հրդեհների հասցրած վնասի չափերին և այլ տեղեկություններին կարող են տեղեկանալ ներկայացված ինֆոգրաֆիկայի միջոցով:

«Խոսրովի անտառ» արգելոց

Ըստ նախնական տեղեկությունների «Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է 2800 հա տարածք, որը կազմում է ամբողջի մոտ 9 տոկոսը: Սակայն ինչպես հայտնում են Բնապահպանության նախարարությունից, վնասի չափն ամբողջությամբ պարզ կլինի գարնանը:

Նշենք նաև, որ ՀՀ ԱԻՆ տվյալներով օգոստոսի 15-ի դրությամբ «Խոսրովի անտառ» արգելոցում այրվել է շուրջ 15.6 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա՝ անտառածածկ:

Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 150-ից ավելի փրկարարական ծառայող և 6 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենար: Հրդեհաշիջմանն ընդգրկվել են՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը, ՀՀ ՊՆ օդուժի 2 ուղղաթիռ և Զինված ուժերի ստորաբաժանումների 132 զինծառայող, ՀՀ ոստիկանության 70 ծառայող, անտառնտեսության 50 աշխատակից, Բնապահպանության պետական տեսչության 8 աշխատակից, ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր և հարակից բնակավայրերից շուրջ 600 բնակիչ, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարով, «Ապառաժ» ՍՊԸ աշխատակիցներ:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի անտառտնտեսության մասնաճյուղի «Սարավանի» անտառպետություն (Արտավան գյուղին հարակից)

Արտավան գյուղի հարակից անտառը կոչվում է «Սարավանի» անտառպետություն և գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերահսկողության ներքո: Անտառպետությունն ունի ընդհանուր հաշվով 973 հա տարածք, որից 705.5 հա անտառածածկ: Ըստ ՀՀ ԱԻՆ տվյալների, «Սարավանի» անտառպետության տարածքում այրվել է 320 հա անտառածածկ տարածք: Այս դեպքում այրվել է անտառպետության մոտ 31 տոկոսը:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տեղեկացմամբ, հրդեհի հետևանքով «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառվել է մեծ վնաս։ Այրվել են կաղնիներ, հացենիներ, թխկիներ, հատուկ նշանակության թփեր, գիհու արժեքավոր նոսրուտներ։ Այդ նոսրուտների ամբողջությունը համարվում է ռելիկտային անտառ, որը գրեթե չվերականգնվող է։ Նշված անտառային հատվածը բնապահպանական մեծ նշանակություն ունեցող տարածք է` յուրահատուկ և սակավ տարածում ունեցող լուսավոր (գիհու նոսրուտներ) անտառ։

Թվային տվյալներն EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին տրամադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մամուլի բաժինը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում