Նախագահի և վարչապետի հետ քննարկվել է «Խոսրովի անտառ» արգելոցի հարցը
«Հրդեհի արդյունքում ունեցանք որոշակի կորուստներ, որոնց մի մասը կվերականգնվի ժամանակի ընթացքում, իսկ մի մասը, ցավոք, չի վերականգնվի». այս մասին օգոստոսի 25-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախարարը հայտնեց, որ նախագահի և վարչապետի հետ քննարկվել է «Խոսրովի անտառ» արգելոցի ֆիզիկական չափերի և կարգավիճակի փոփոխության հարցը: Առաջիկայում ներկայացվող կառավարման պլանում նախարարությունն առաջարկելու է մի շարք տարածքներ միավորել Խոսրովի արգելոցի հետ:
«Արգելոցային խիստ ռեժիմի առանձնահատկությունը թույլ չի տալիս որևէ միջամտություն իրականացնել արգելոցում, անգամ չի թույլատրվում բույսերի արհեստական աճեցում: Դուք գիտեք, որ Խոսրովի արգելոցի պարագայում քրեական գործը հարուցված է, և պետք է վեր հանվեն բոլոր պատճառները, մեղավոր անձինք խստագույն պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է խոշոր կաթնասունների կորուստներին, ապա Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ առումով կորուստներ չկան, այլ որոշակի կորուստ կա սողունների ու կրծողների առանձին տեսակների մասով։
