Երեխան, երբ տեսնում է սպանված շան, լրջագույն հոգեկան ապրումներ է ունենում
«Միջազգային հանրությունը և միջազգային կազմակերպությունները, որոնք զբաղվում են կենդանիների խնդիրներով քննադատում են բոլոր այն երկրներին, ոչ միայն Հայաստանին, որոնք կենդանիների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերում՝ կոչ անելով կիրառել մարդասիրական եղանակներ: Շատ թե քիչ զարգացած և զարգացող երկրներում այս եղանակից արդեն վաղուց հրաժարվել են». այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը:
«Կարևոր է, որ մարդիկ, ովքեր ունեն տանը կենդանի ինչ-ինչ պատճառներով նրան դուրս չհանեն: Շատ հաճախ, մեր երկրում ընդունված է, որ երբ տանը բալիկ է ծնվում շանը հանում են դուրս: Առաջինը՝ դա նույն է ինչ տան երեխային դուրս հանեն: Երկրորդը՝ եթե այդ շները գոյատևում են դրսում, որովհետև շատ հաճախ չեն էլ գոյատևում, բայց եթե գոյատևում են, դառնում են ագրեսիվ մարդկանց նկատմամբ: Նրանց մոտ վրեժխնդրություն է ձևավորվում և այդ կենդանին կարող է սպառնալիք լինել և հատկապես սեփական տերերի համար»,- մանրամասնեց նա:
Խոսելով «Pro Paws»-ի (Փրո Փոուզ) կողմից իրականացվող կրթական ծրագրի մասին, Կարինե Փանոսյանն ասաց. «Մեր կրթական ծրագրերը բավական լուրջ արդյունքներ է տալիս: Պատկերացրեք, սաների 10 տոկոսը մեր դասերից հետո որդեգրում են կենդանի: Դա համարվում է լուրջ արդյունք»:
Բնապահպանն անդրադարձավ նաև խնդրի առաջացման խորքային պատճառին՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը դատապարտող օրենքի բացակայությանը: «Քանի դեռ մենք չունենք կենդանիների սպանդը պատժող քրեական հոդված, ոչ միայն անհատները կամայականորեն կսպանեն կենդանիներին, այլ նաև պետական կառույցները՝ քաղաքապետարանները, գյուղապետարանները կարող են նույն բանն անել: Այս դեպքում մենք չենք կարող ոչինչ անել: Պատկերացրեք, որ քաղաքում սպանվում է կենդանի, իսկ երեխան առավոտյան պետք է գնա դպրոց: Դուրս է գալիս տանից ու տեսնում է՝ դռան առջև սպանված շուն: Այդ երեխան ի՞նչ ապրումներ կունենա: Նրան մոտ կարող են հոգեբանականից հոգեկան խնդիրներ առաջ գալ: Երկրորդ՝ այդ երեխայի մոտ ձևավորվում է ագրեսիվ վերաբերմունք: Եթե նա տեսնում է արյունը և նա դա ծանր չի տանում և դա նույնիսկ դուր է գալիս երեխային, բնականաբար նրա մոտ էլ է ինչ-որ ագրեսիվ վերաբերմունք առաջանում: Այսինքն, դաստիարակչական տեսանկյունից և բարոյական տեսանկյունից սա լրջագույն խնդիր է: Մենք պետք է հասկանանք՝ ինչ եղանակով պետք է կազմակերպենք այդ գործընթացը. կենդանիներին որսալը, նրանց վնասազերծելը: Եթե նույնիսկ կենդանին վտանգավոր է և նրան հասարակության մեջ թողնել չի կարելի, ապա նրան պետք է քնեցնել: Այս ամենը պետք է կազմակերպել այնպես, որ երեխաները չտուժեն: Ի վերջո վաղը այդ երեխան քաղաքացի է դառնալու և ինչ հոգեբանությամբ երեխան պետք է մեծանա, եթե նա գիշերը լսում է կրակոց, շան վնգստոց, ցավագին ոռնոցներ և առավոտյան տեսնում է սպանված կենդանուն արյունախառն ընկած դռան առջև»,- ասաց նա: