Երևանի անտառները սղոցվեցին, սելավի վտանգը մեծացավ. Հակոբ Սանասարյան

Գետառը, երբ ազատ հոսում էր, քաղաքի համար շատ լավ էր՝ ամառվա ամիսներին զովություն էր ապահովում: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:  

Վերջինս խոսեց նաև վերջին ձևափոխություններից հետո առաջացած սելավի վտանգի մասին: «Ամենամեծ և ամենագլխավոր վտանգը դա սելավի հավանականությունն է: Եթե 1946թ.-ի նման մի սելավ կրկնվի, հետևանքները ցավալի կլինեն: Չնայած իրենք ասում են, որ նման բան չի կարող լինել, բայց բնության հետ խաղ չեն անում:

Իրենք ասում են, որ Առինջի կողմերում ինչ-որ պատվարներ են կառուցել: Բայց դրանք կարող են ընդամենը որոշ քանակությամբ տանել, իսկ հետո՞: Ջուրը պատռելու է ու իջնելու է և միայն այդ կողմից չէ: Իմիջայլոց սովետական միության ժամանակ հսկայական աշխատանք արվեց: 1946թ.-ից հետո ամբողջ սարալանջերը, հեռուստաաշխատարակի մոտ ամբողջ անտառային շերտը, որը կոչվում էր Երևանի անտառպետություն, բոլորը արված էր, որպեսզի սելավի հավանականությունը փոքրանա»,- մանրամասնեց նա:

Նա շարունակեց՝ ընդգծելով. «Իհարկե սելավի ավազանը շատ ավելի հեռվից է գալիս: Մի մասը սկսում է Գեղամա լեռների կողմից, բայց այն ժամանակ հսկայական աշխատանք արվեց. ուշքի բերվեց, ավելի լայնացվեց և տարողությունն ավելացվեց Գետառի, լանջը ծառապատվեց, որպեսզի ջրի կլանում լինի: Իսկ հիմա սղոցվեցին այդ ծառերը: Երևանի անտառները կազմում էին մոտ 1230 հա, իսկ հիմա իբր մնացել է 660 հա, բայց իրականում չի մնացել, քանի որ այդ ամբողջ տարածքներում առանձնատներ են կառուցվել:

Դա անթույլատրելի է: Եթե առաջ պետք է սելավատարով գնար ջուրը, հիմա դա փակված է և մակերեսով է հոսելու, քաղաքի շենքերը կարող է կործանել: Ճանապարհային առումով Քաղաքապետարանը իհարկե շահեց, բայց սելավի վտանգի առումով այն չտեսնված է: Դա շատ մեծ քանակությամբ մարդկային զոհերի և նյութական կորուստների պատճառ կարող է դառնալ»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում