Դա ուղիղ եթերում տրված կաշառք էր Կառավարությանը. Հակոբ Սանասարյան
«Փորձը ցույց է տալիս, որ հատուկ պահպանվող տարածքներն այսօրվա վիճակով ավելի խոցելի են, քան սովորական անտառային տարածքները». այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Հատուկ պահպանվող տարածքներներում իրավունք են վերապահում այնտեղ շենքեր կառուցելու, տնտեսական գործունեության որոշ ճյուր իրականացնելու և արդեն Դիլիջանի արգելավայրը ցույց է տալիս, թե դա ինչպիսի վատ հետևանքներ կարող է ունենալ: Դիլիջանում և՛ ինչ-որ առանձնատներ են կառուցվում, և՛ ծառահատումներն են շատացել, ավելի շատ քան երբ այն մտնում էր «Հայանտառ»-ի հովանու տակ: Այսինքն, դա բացարձակ խաբկանք էր, դա ուղիղ եթերում տրված կաշառք էր Կառավարությանը, որ նրանք ևս մեկ անգամ լռեն Ամուլսարի շահագործման հարցում: Ես կարծում եմ, որ այդ բոլոր հատուկ պահպանվող տարածքները պետք է մտնեն ընդհանուր անտառային ֆոնդ, այսինքն՝ լինի մեկ ընդհանուր համակարգ, բայց իրենք իրենց գործառույթները կատարեն ինչպես որ կա»,- մանրամասնեց նա:
Խոսելով ՀՀ-ում որսագողության դեպքերի մասին, պարոն Սանասարյանն ընդգծեց. ««Սաֆարի» անունով մի կազմակերպություն ստեղծվեց: Նպատակը սա էր՝ այսքան տարածք եք հատկացնում, մենք այստեղ կենդանիներ ենք աճացնելու, որսի հնարավորություն է լինելու և լիցենզիաներ կվաճառենք, օտարերկրացիներ կգան, Հայաստան գումար կգա: Բայց ի՞նչ ունեցանք. այնտեղի աշխատողները զինված մտնում էին մնացած արգելված տարածքներ և որսագողությամբ էին զբաղվում: Այդ համակարգում գոնե մի լուսավոր բան չի երևում, որ գոնե մեկ հարցում հանգիստ լինենք»: