Կլիմայի կանաչ հիմնադրամը Հայաստանին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ

Հուլիսի 7-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր – Կլիմայի կանաչ հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողությունը:

Այս ծրագիրը Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում՝ առաջին ծրագիրն է: Այն մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ շահագրգիռ նախարարությունների հետ սերտ համագործակցության արդյունքում, և հաստատվել է ԿԿՀ-ի կողմից 20 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհային գումարով:

Ծրագրի փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից բոլոր գործընկերներին, Կանաչ կլիմայի հիմնադրամին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին դրամաշնորհային այս աննախադեպ ծրագրի մեկնարկի համար:

«Մեկնարկը այս կարևոր ծրագրի և մեր պատասխանատվությունը իբրև առաջնորդող գերատեսչություն լիարժեքորեն հնարավորություն է տալիս մեզ հետագայում շարունակականության մեջ դիտելու այս ծրագիրը և նմանատիպ ծրագրերը ուղղված Հայաստանի Հանրապետությունում բնական շրջական միջավայրի պահպանությանը՝ ապահովելով նաև սոցիալական, տնտեսական լավագույն ձեռքբերումներ: Իսկապես կարևորում եմ, որ Կանաչ կլիմայի հիմնադրամի ռեսուրսներն ուղղում ենք մեր տնտեսության սոցիալական կյանքի կարևորագույն ոլորտ, այն, ինչը ՀՀ ներկա կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ համարում է առաջնահերթ ուղղություններից մեկը»,-ասել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, նշելով, որ հանրապետության նախագահի հանձնարարականն է նաև, որ դրամաշնորհային ծրագրերն այնքան մեծ ուշադրության առարկա դառնան, որպեսզի թափանցիկությունը, արդյունավետությունը լինի մեզ համար ուղենիշ և հանրությունն ամբողջությամբ պատկերացում ունենա յուրաքանչյուր ծրագրի արդյունքներին հասնելու գործընթացի մասին՝ դառնալով որոշումների կայացման գործում մասնակից:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, իր հերթին, կարևորել է էներգախնայողությանն ուղղված ծրագիրը:

«Այս ծրագրով մենք պատասխանում ենք այն հարցին, թե ինչու և ինչպես ընդլայնել Հայաստանի քաղաքային համայնքներում էներգիայի արդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները, ներառյալ այն ծրագրերն, որոնք արդեն ընթացքի մեջ են և իրականացվում են մեր ազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Մենք նաև գրանցում ենք ևս մեկ քայլ առաջ՝ ապահովելով ավելի խորը համագործակցություն քաղաքապետարանների հետ, որն ուղղված է «Կայուն Էներգետիկա բոլորի համար» ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարության նախաձեռնության իրականացմանը և հանդիսանում է երկրի կայուն զարգացման կարևոր հենարան:

Սերտորեն համագործակցելով ՀՀ կառավարության և ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ այս ծրագիրը կնպաստի բնակչության բարեկեցությանը, էներգետիկ աղքատության նվազեցմանը, որն ազդում է բնակչության համարյա 30% վրա, միևնույն ժամանակ, կնպաստի Հայաստանի էներգետիկ անկախությանը և կապահովի Փարիզյան համաձայանագրի միջազգային պարտավորությունների համապատասխանելիությունը»,-իր խոսքում, մասնավորապես, նշել է Բրեդլի Բուզետտոն: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ինչպես նաև շահագրգիռ նախարարությունների և գործակալությունների, միջազգային և հասարակական կազմա¬կեր-պությունների ներկայացուցիչներ:

«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի մասին. «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը համապատասխանում է ռեսուրսների խնայողության և Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախութան ամրապնդմանն ուղղված ազգային գերակայություններին։ Ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում գոյություն ունեցող շենքերի ֆոնդից՝ ապահովելով կայուն զարգացում: Ծրագիրն ուղղվելու է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը՝ ապահովելով առավել խոցելի տնային տնտեսությունների համար ծախսերի մատչելիություն, ինչպես նաև ստեղծելով բարենպաստ շուկայական միջավայր ներդրումների և մեծամասշտաբ բիզնես մոդելի ստեղծման համար։ Հարկ է նշել, որ Հայաստանում բնակիչների 30 տոկոսը համարվում է «էներգետիկ աղքատ», երբ ընտանեկան բյուջեի 10 տոկոսից ավելին ծախսվում է էներգակիրների վրա։ Միևնույն ժամանակ ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 24 տոկոսն առաջանում է շենքերում սպառվող էներգիայից։ Ծրագրի շրջանակնեում՝ շենքերում ջերմամեկուսացման միջոցով նախատեսվում է ապահովել շուրջ 50-60 տոկոս էներգախնայողություն և, հետևաբար, բյուջեի տնտեսում, իսկ ներդրումները շուրջ 20 տարվա ընթացքում կհանգեցնեն արտանետումների 5.1-ից մինչև 5.4 մլն տոննա ածխաթթու գազի (CO2) կրճատմանը: Ի լրումն ԿԿՀ-ի կողմից ֆինանսավորմանը, ծրագիրը կխթանի նաև մասնավոր և հանրային հատվածի կողմից մոտավորապես 110 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը: Ծրագիրը հենվում է ՄԱԶԾ-ի փորձի վրա, ներգրավելու մասնավոր հատվածին, տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ դոնորների ջերմամատկարարման, շենքերի նախագծման և կառուցման, լուսավորության ոլորտներում էներգաարդյունավետության խոչընդոտները հաղթահարման միջոցառումներին: Էներգաարդյունավետ արդիականացման համար մատչելի վարկային ռեսուրսներ ներգրավելու համար ՄԱԶԾ-ն բանակցում է Եվրոպական ներդրումային բանկի, Վերականգնման վարկերի բանկի (KfW), Ֆրանսիական զարգացման գործակալության և այլ տեղական և միջազգային ֆինանսական կառույցների հետ: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ, սերտ համագործակցելով Երևանի քաղաքապետարանի, այլ քաղաքապետարանների և այլ միջազգային ու տեղական գործընկերների հետ: Ծրագրի տևողությունն է վեց տարի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում