Սևանա լիճը՝ Եվրոպայում ամենահիասքանչ և ամենամատչելի հանգստավայրերի ցանկում. «Թաքնված գանձ»
Սևանա լիճը հայտնվել է Mastercard միջազգային վճարային համակարգի կողմից հրապարակված Եվրոպայի ամենաքիչ հայտնի և մատչելի ճանապարհորդական ուղղությունների ցանկում:
Ցանկը մեծ օգնություն կլինի նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց ամառային հանգստի ժամանակ խուսափել մարդկանց մեծ կուտակումներից: Այս մասին գրում է Business Insider-ը:
Հաշվի առնելով այն, որ Հայաստանն առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը, զարմանալի չէ, որ երկիրը վանքերի բացօթյա թանգարան ասես լինի, ասված է ցանկում: Mastercard-ը խորհուրդ է տալիս այցելել Սևանավանք, որից «հիանալի տեսարան է բացվում դեպի աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկը՝ գեղեցիկ Սևանա լիճը»: Ինչպես նշվում է MasterCard-ի ցանկում, չնայած իր գեղեցկությանը՝ Հայաստանում զբոսաշրջությունն այնքան էլ զարգացած չէ, և գները ցածր են մնում:
Business Insider-ը ներկայացրել է Mastercard-ի համաձայն Եվրոպայում ամենամատչելի թաքնված գանձերից 19-ը՝ 17-րդ տեղում ներկայացնելով Սևանա լիճը:
Նշենք, որ վայրերը դասակարգվել են՝ ըստ գեղեցկության, մարդաշատության, գնի, հարմարավետության և քարտի վճարման ընդունման հնարավորությունների: