Գոշի լճում դեռ այսպիսի անմխիթար իրավիճակ չէր եղել. Սոնա Հարությունյան (ֆոտո)

«Մի հատված չկա, որ կույտեր չլինեն: Ոչ միայն ջրի մեջ է լցված, այլև ամբողջ շրջակայքն է քանդած: Ամբողջ հողը, որ քանդել են, լցրել են հենց ջրի մեջ: Այդ ամբողջ հողային թումբերը ոչ միայն ջրի մեջ են, այլև ջրի շրջակայքում»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց արշավական Սոնա Հարությունյանը: 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլ ամսին համացանցում հայտնվեցին լուսանկարներ Գոշի լճից, որտեղ «շինարարական աշխատանքներ» էին նախապատրաստվում: Բարձրացավ դժգոհության ալիք պայմանավորված այն հանքամանքով, որ Գոշի լիճը միշտ եղել է վայրի բնության նմուշ, որտեղ այցելում էին հենց վայրի բնությանը մոտ լինելու նպատակով: 

«Մի հատված, հենց անտառի մեջ, շատ խորը փորել են: Չգիտեմ, խողովակների համար են փորել թե ինչ, բայց երևում է, որ այդտեղով ինչ-որ բան են ցանկացել անցկացնել: Մի հատվածում բեռնատարի ճանապարհ էին բացել, որտեղ ճահիճ էր առաջացել, առաջ նման բան չկար: Ես շատ եմ Գոշի լիճ գնացել, դեռ այսպիսի անմխիթար իրավիճակ չէր եղել: Արմատախիլ արած ծառեր կային, ծառի ճյուղեր, իրար վրա լցված: Ջրային տարածքն ավելի փոքրացել էր: Բեռնատարը որտեղով անցել էր ճահճային տարածքներ էին գոյացել: Շատ անմխիթար ու տխուր վիճակում էր Գոշի լիճը»,- մանրամասնեց նա:
Արշավական, փաստաբան Սոնա Հարությունյանը Գոշի լիճ էր այցելել խմբով: Ինչպես նա նշեց, խմբին պատմել էր՝ թե որքան գեղեցիկ վայր է Գոշի լիճը, սակայն այցելության ընթացքում այլ տեսարանի են ականատես եղել:

«Հստակ երևում էր, որ շինարարական աշխատանքներ էին արվել ու կիսատ թողնվել: Պարզ երևում էր, որ նպատակային է արված: Անձրևից ամբողջ տարածքը ցեխ էր: Նախկինում էլ հողը խոնավանում էր, բայց այսքան ցեխ չկար: Ոչ մի մաքրման աշխատանք չի արվել: Դժվար թե կարողանան նախկին տեսքին բերեն, բայց եթե ուզեն, ինչ-որ բան կարող են անել: Այնտեղ այնքան հող ու ցեխ են լցրել, որ շատ մեծ ջանքեր են պետք դրանք հեռացնելու համար»,- պատմում է նա:

Մեր հարցին, թե նախկինում էլ արդյո՞ք հանդիպել նման դեպքերի, նա պատասխանեց. «ես 2011թ.-ից գնում եմ Գոշի լիճ: 6 տարի առաջ այնտեղ ընդհանրապես նման բաներ չկային: Հետո երկաթե տաղավարներ տեղադրվեցին 2 հատ, որոնցից մեկն էլ վերջին այցելության ժամանակ տեղահանվել էր, երևում էր, որ քանդել էին: Այս տարիների ընթացքում Գոշի լիճն այդպես վայրի, իր գեղեցկության մեջ մնացել էր, որևէ աշխատանք այնտեղ չէր իրականացվում: Ամենաշատը մեքենայի հետքեր կարելի էր տեսնել»:

Նշենք, որ վերջերս այս թեմայի շուրջ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդում էր ունեցել երիտասարդների հետ: Երիտասարդների մտահոգություններին, թե որքանով է խախտվել լճի էկոհամակարգը, մանրամասնորեն անդրադարձել է CNF-ի ազգային համակարգող Արման Վերմիշյանը: Ըստ նրա, առաջին հայացքից պատկերը ցավալի է ու էսթետիկ հաճույք չի պատճառում, բայց էական վնաս չի հասցվել և լիճն ունի ինքնավերականգնման հզոր ռեսուրս ու արագ կվերականգնվի:

Լուսանկարները մեզ տրամադրեց Սոնա Հարությունյանը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում