Այստեղ լուրջ մաֆիա է աշխատում՝ սկսած անտառապահից, վերջացրած ամենաբարձր պաշտոնյայով. Բնապահպան
«Քանի որ մասնակացել եմ ապօրինի ծառահատումների մասին ծրագրի մոնիթորինգին, հենց արգելանոցների տարածքում մենք բազմաթիվ անգամներ հայտնաբերել ենք ապօրինի ծառահատումներ». այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը:
Նա բերեց օրինակներ՝ Դիլիջանի ազգային պարկ, Գոշի լճի ավազան, Ստեփանավանի արգելավայր:
«Եթե մենք խոսում ենք հատուկ պահպանվող տարածքներում ծառահատումների մասին, ապա այստեղ լուրջ մաֆիա է աշխատում՝ սկսած անտառապահից, անտառապետով վերջացրած ամենաբարձր պաշտոնյայով: Որովհետև մեքենան մտնում է արգելավայր, ինչպե՞ս կարող է պատահական մեքենա մտնել, եթե օրինակ՝ արշավորդների համար հատուկ թույլտվություն է պետք տարածք մտնելու համար: Ծառը հատվում է և ամեն տեղից լսվում է «Դռուժբա» բենզասղոցների ձայնը, հետո ծառերը բարձվում են մեքենաների մեջ, շատ հանգիստ դուրս են բերում տարածքից և տանում են վաճառքի: Հիմա, ինձ ասե՛ք, ո՞վ է պատասխանատուն: Ինչպե՞ս կարող է առանց վերադասի իմացության ստորադաս պաշտոնյան նման գործողություն անի, եթե հասարակ գյուղացին մտնում է ճյուղի թափուկները հավաքելու, կանգնացնում են, բռնում են: Այսինքն, սա կազմակերպված հանցավոր խումբ է»,- մանրամասնեց բնապահպանը:
Մեր հարցին, թե այս մասին տեղյակ է արդյո՞ք Բնապահպանության նախարարությունը, Կարինե Փանոսյանը պատասխանեց. «Տեղյակ են, համենայնդեպս բոլոր հնարավոր միջոցներով մենք տեղեկացրել ենք: Ես անձամբ էլ նախարարի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ ինչ է տեղի ունենում: Օրինակ՝ Ստեփանավանի անտառների մասին պատմել եմ: Դե խոստանում են, որ քայլեր կձեռնարկեն, բայց խոստումներն ու գործողությունները տարբեր բաներ են: Քանի դեռ մենք չենք տեսել ակնհայտ գործողություններ, խոստումներին հավատալ, համենայնդեպս ես, չեմ պատրաստվում, որովհետև այն ամենն ինչ տեղի է ունենում և ես չեմ տեսնում խնդիրների լուծման ուղղությամբ արվող որևէ քայլ, ինձ համար վստահություն ներշնչող չեն այդ խոստումները»: