«Մաքուր Հայաստան» ծրագիր. Մայիսի 27-ին` համապետական շաբաթօրյակ
Մայիսի 27-ին «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում մեկնարկում է համապետական շաբաթօրյակ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաձայն` համապետական շաբաթօրյակի արդյունավետ անցկացման նպատակով հանրապետության ողջ տարածքով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, մոբիլիզացվել են հանրապետական գործադիր մարմինների, մասնավոր ընկերությունների, ինչպես նաև միջոցառմանը օժանդակելու պատրաստակամություն հայտնած կառույցների ռեսուրսները: Կազմվել են մաքրման և բարեկարգման աշխատանքների սխեմաները, նախապատրաստվում են տրանսպորտային միջոցները՝ բավարար թվով բեռնատար ավտոմեքենաների և տեխնիկայի ներգրավման համար:
Արդեն իսկ քարտեզագրված 2029 աղբանոցներից (բացի Երևանից) փակվել են 693-ը, փակման աշխատանքներ են տարվում թվով 268 աղբանոցներում: «Միջոցառումից հետո մենք իսկապես մեծ ճիգ ենք գործադրելու ստացված արդյունքը պահպանելու, խորացնելու և շարունակական դարձնելու համար»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Վաչե Տերտերյանը և մեծապես կարևորել բնակչության ակտիվ մասնակցությունը այս համապետական միջոցառմանը:
Համապետական շաբաթօրյակին ընդառաջ կոչով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարությունը: «ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում միավորել բոլորիս ուժերը Հայաստանի բնական լանդշաֆտներում, պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում, բնակավայրերում և ճանապարհաեզրերին կուտակված աղբից մաքրելու գաղափարի շուրջ` նպատակադրելով բնության և պատմամշակութային հուշարձանները Հանրապետության քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել:
«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատակիցները մաքրման աշխատանքներ կիրականացնեն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Հավուց թառ» վանական համալիրի հարակից տարածքում:
Նույն օրը միջոցառումներ կիրականցվեն նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքներում և հարակից հատվածներում»,- նշված է ՀՀ բնապահպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Համապետական միջոցառման շրջանակներում այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցելու համապետական շաբաթօրյակին, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
Երևան-011514176
Շիրակի մարզ- 0312-3-26-10
Տավուշի մարզ-094-55-56-57
Լոռու մարզ-0322-4-35-33
Արագածոտնի մարզ-0232-3-37-74
Կոտայքի մարզ-0223-2-73-01
Գեղարքունիքի մարզ-093-63-62-47
Արարատի մարզ-0235-2-34-65
Արմավիրի մարզ-0237-2-10-03
Վայոց ձորի մարզ-0281-2-30-61
Սյունիքի մարզ-0285-4-38-40