Ինչ է կատարվում «Շիկահող» արգելոցի և «Արցախանտառի» սահմանագլխին

«Շիկահող» արգելոցի տարածքում հատվող բարձրարժեք խոշորառէջ կաղնիների մասին «ԱրմԻնֆո» կայքն ահազանգել էր դեռ 2016 թվականի օգոստոսի սկզբին։ Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր հոդվածում նշել էր 30 այդպիսի ծառերի մասին (լուսանկարներն այստեղ են)։ Այդ ահազանգից ընդամենը մի քանի օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունը շտապեց հերքել արգելոցում ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը: Ինչպես ասվում էր նախարարությունից «ԱրմԻնֆո»-ին տրամադրված հայտարարությունում՝ «Շիկահող» պետական արգելոցում ծառեր ընդհանրապես չեն հատվել: Հատումներ իրականացվել են «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին պատկանող պահաբաժնում՝ ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան, ինչի մասին է վկայում նաև «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ տնօրենի հարցմանն ի պատասխան ուղարկված «Արցախանտառ» ՊՈԱԿ տնօրենի գրությունը:

Անհասկանալի է, թե ինչպես է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը հարցման միջոցով համոզվել, որ այդ հատված ծառերն արգելոցի տարածքում չեն, իսկ նախարարությունն էլ ներկայացրել է այդպիսի ոչ պրոֆեսիոնալ հերքում։ Նախկին պաշտոնյաները երևի մոռացել են, որ դրսում 21-րդ դարն է ու կան ցանկացած կետի հստակ տեղադիրքը որոշելու տեխնիկական նորագույն միջոցներ։

Բոլոր դեպքերում այս խնդիրը մնացել էր բաց, և վերջին շրջանում նորից սկսեց բարձրաձայնվել հանրային շրջանակներում։ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես դիմեց բնապահպանության նախարարությանը՝ առաջարկելով անցկացնել վերոնշյալ տեղանքի համատեղ ուսումնասիրություն։ 2017 թվականի մայիսի 20-ին տարբեր շահագրգիռ կողմերից կազմված հանձնաժողովը՝ եղանակային շատ բարդ պայմանների և հողային ճանապարհի անանցանելիության պատճառով, չափազանց մեծ ջանքերի շնորհիվ ի վերջո հասավ այդ տարածք (չորս մեքենաներից միայն երկուսը կարողացան հասնել անհրաժեշտ վայրը)։ Պարզվեց, որ այն գտնվում է «Շիկահող» պետական արգելոցի և Արցախի Հանրապետության հենց սահմանագլխին։ Մենք վերցրեցինք հատված կաղնի ծառերի կոճղերի, չկտրված, սակայն համարակալված ծառերի, անտառում տարբեր տեղեր թափված փայտանյութի և թրթուրավոր տեխնիկայով բացված գրունտային ճանապարհների կոորդինատները։

Այդ կոորդինատների հետագա համադրման արդյունքում՝ մենք և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համոզվեցինք, որ այդ աշխատանքները կատարվել են Հայաստանի հանրապետության վարչական տարածքում։ Իսկ «Շիկահող» արգելոցի արևելյան սահմանագիծը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի նախկին պետական սահմանի հետ, որն էլ նշանակում է, որ այս ծառերը հատվել են արգելոցի տարածքում։ Սակայն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներն ամեն դեպքում կարծում են, որ այդ կաղնիները գտնվում են «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի մասնաճյուղի Կովսականի անտառպետության տարածքում և օրինական կարգով հատվել են 2015-2016 թվականներին։

Այս հակասությանը լուծում տալու նպատակով հանձնաժողովը որոշեց, որ սահմանների ու կոորդինատների տեղադիրքը պետք է որոշեն համապատասխան պետական լիազոր մարմինները, որից հետո հստակ պարզ կդառնա, թե ինչ պատկանելիություն և պահպանման կարգավիճակ ունի անտառի այս հատվածը։

Չնայած նրան, որ եղանակային անբարենպաստ պայմանները, պարբերաբար տեղացող անձրևն ու ճանապարհների անանցանելիությունը խանգարեցին լիարժեք տեղազննման իրականացմանը՝ մենք, այնուամենայնիվ, կարողացանք գտնել և լուսանկարել հատված կաղնիների ու խախտված լանդշաֆտի որոշ մասը (տես այստեղ)։ Սակայն ակնհայտ է, որ ավելի մանրակրկիտ և լայնամասշտաբ ուսումնասիրության կարիք կա, քանի որ այս հատումները կարող են ընդգրկել «Շիկահող» արգելոցի այլ տարածքներ ևս։

Բացի այդ անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ից տեղազննմանը մասնակցող աշխատակիցներն իրենց հետ չունեին համապատասխան տեխնիկական սարքավորումներ և տեղում չկարողացան հստակ կողմնորոշվել ու հստակ նշել, թե արգելոցի որ տեղամասում ենք մենք գտնվում։

Տեղացիների մոտ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ այդ կաղնիները հատվել են որպես շինափայտ՝ հատկապես կոնյակի տակառներ պատրաստելու նպատակով, և հովանավորվում են որոշակի շրջանակների կողմից։ Ավելորդ չենք համարում նշել նաև, որ միջազգային շուկայում այդպիսի մեկ տակառի գինը կազմում է մոտ 1200 Եվրո։ Քանի դեռ կա այդ թանկարժեք փայտանյութի պահանջարկ, իսկ այդ որակի կաղնիների քանակը խիստ սահմանափակ է՝ հատումների վտանգը միշտ կմնա, և դրանք իրականացնողները հասել են նաև արգելոցի բարձրադիր և չափազանց դժվարամատչելի սահմանամերձ գոտիներին։

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը իրականացնել հետևյալ միջոցառումները․

1․ Հնարավորինս արագ պարզել հանձնաժողովի կողմից ներկայացրած կոորդինատների վարչական պատկանելիությունը։

2․ Ուսումնասիրել և ներկայացնել հանրությանը «Շիկահող» արգելոցի տարածքում 2015-2017 թվականներին կատարած գարնանային և աշնանային ստուգման արդյունքները։

3․ Հայտնաբերել և գույքագրել «Շիկահող» արգելոցի տարածքում հատված բոլոր խոշորառէջ կաղնիները՝ հնարավորության դեպքում պարզելով նաև հատման հստակ տարեթիվը։ Հաշվարկել բնությանն ու հողի բերրի շերտին հասցված վնասը։ Գույքագրել և համարակալել դեռևս չհատված խոշորառէջ կաղնիները։ Մենք պատրաստ ենք կամավոր հիմունքներով աջակցել և տեղում մասնակցել այս աշխատանքների իրականացմանը։

4․ Ուժեղացնել արգելոցի պահպանության միջոցառումները հատկապես «Արցախանտառ» ՊՈԱԿ-ին սահմանակից տարածքներում։

Հ․Գ․ Այս այցելությունը մեկ անգամ ևս համոզեց, որ անտառների պահպանության բեռը պետք չէ թողնել միայն ներքևի օղակների աշխատակիցների վրա ու ամեն ինչում իրենց մեղադրել, քանի որ տարբեր կողմերից շատ լուրջ ճնշումներ կան այդ մարդկանց նկատմամբ, որոնց ոչ բոլորն են ի զորու դիմակայել։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում