«Նկարվիր ընձառյուծի հետ». նոր բնապահպանական տեղեկատվական արշավ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) նախաձեռնությամբ մեկնարկում է «Նկարվիր ընձառյուծի հետ» խորագրով բնապահպանական տեղեկատվական արշավը, որի շրջանակներում մայիսի 16-ից ARLOOPA հավելվածի օգնությամբ հնարավոր կլինի կենդանացնել և նկարվել կովկասյան ընձառյուծի հետ:

Նախաձեռնությունն իրականացվում է X-Tech ընկերության աջակցությամբ, որը միացել է WWF-Հայաստանի «Ընձառյուծի խնամակալների ցանց»-ին:

Այսօրվանից Երևանի տարբեր կրթական և մարդաշատ վայրերում, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարանում, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում, Սիրահարների այգում, Դալմա Գարդեն Մոլում, Երևանի բուսաբանական այգում, UWC Դիլիջան քոլեջում, «Գրին Բին Կասկադ» սրճարանում և «ԴաբլԹրի Բայ Հիլթոն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում տեղադրված կլինի տեղեկատվական ցուցանակ և գետնին փակցված մարկեր, որի վրա պահելով Ձեր սմարթֆոնը (ARLOOPA հավելվածի միջոցով) հնարավոր կլինի ստանալ ընձառյուծի եռաչափ անիմացիոն պատկերը: Հավելվածը հնարավորություն է տալիս նաև լուսանկարվել ընձառյուծի հետ, լսել նրա ձայնը և այլն:

Արշավի շրջանակներում հայտարարվում է նաև առցանց մրցույթ, որի շրջանակներում մասնակիցը մինչև ս.թ. հունիսի 16-ը Կովկասյան ընձառյուծի հետ արված լուսանկարները՝ վերջինիս վերաբերյալ որևէ հետաքրքիր փաստի հետ միասին պետք է տեղադրի իր ֆեյսբուքյան էջում օգտագործելով #LeoAlive և #WWFArmenia հեշտեգերը: Հաղթող է ճանաչվելու ժյուրիի կողմից յուրօրինակ ֆոտո և հետաքրքրաշարժ փաստ ներկայացրած մասնակիցը։ Մրցույթի գլխավոր մրցանակն է՝ լեռնային հեծանիվ:

WWF-Հայաստանի «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է. «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս բարձրացնել արշավի արդյունավետությունը՝ յուրահատուկ կապ ստեղծելով մարդու և բնության միջև»:

Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամը նախաձեռնել է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը, որի նպատակն է միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր և պետական հատվածին՝ ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն) պահպանության մեխանիզմները հզորացնելու նպատակով:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում