Սևանա լիճը դժվար է ազատվում սառցե կապանքներից
2017 թվականի փետրվարի երկրորդ կեսից մինչև մարտի 28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճը շարունակում է մնալ սառցե կապանքների մեջ: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, վերջին օրերին Գեղարքունիքի մարզում ցերեկվա ժամերին գրանցված դրական ջերմաստիճանը և ուժեղ քամիները դեռևս ի զորու չեն Սևանա լիճը սառցե կապանքներից ազատելու:
«Ափերին մոտիկ տեղ-տեղ սառույցից ազատ ջրային տարածքներ ստեղծվել են, սառույցի շերտը փափկել է, բայց դեռ չի հալվել: Չի բացառվում, որ մոտակա օրերին ևս լիճը շարունակի գտնվել սառցե շերտի ներքո, քանի դեռ չեն սկսվել գարնանային վարարումները կամ ավելի հզոր քամիները: Իհարկե, եղել են տարիներ, երբ Սևանը սառցակալած է մնացել մինչև ապրիլի առաջին տասնօրյակը: Մարզում գարնան ուշացումը որոշակիորեն պայմանավորված է նաև լճի սառցակալմամբ»,- նշեց վարչության պետը:
Իսկ մեր այն հարցին, թե լճի նման տևական սառցակալման պայմաններում ինչ չափի վնասներ են կրել Սևանում տեղակայված ցանցավան դակային ձկնաբուծական տնտեսությունները, Համբարձում Համբարձումյանը պատասխանեց. «Հիմա դժվար է գնահատել վնասները, ընդհանուր իրավիճակը, քանի դեռ լիճը սառույցի շերտից լիովին չի ազատվել»:
