Ռուսաստանում բնապահպան ակտիվիստները ենթարկվել են զինված հարձակման
Օրերս Գրինփիս-Ռուսաստանի և «Էկոլոգիական հերթապահություն» կազմակերպության ակտիվիստները ենթարկվել են զինված հարձակման Կրասնոդարի երկրամասի Պրիմորսկո-Ախտարսկի շրջանում գտնվող իրենց ճամբարում: Նրանք եկել էին Կրասնոդարի երկրամաս տափաստանային հրդեհները հանգցնելու համար: Ըստ Գրինփիս-Ռուսաստանի պաշտոնական կայքի՝ ակտիվիստների վրա հարձակվել են դիմակավորված և զինված ութ անձիք:
«Հարձակվողները զինված էին մահակներով, դանակներով, ատրճանակներով: Նրանք վնասեցին մեր մեքենաները, վրանները, ծեծեցին մարդկանց: Ասում էին, որ եթե մենք մինչև առավոտ չհեռանանք այստեղից, ոչ ոք մեզ այլևս չի գտնի: Ասում էին՝ գնացեք «ձեր Ամերիկա»: Մեզ մեքենաներից դուրս հանեցին, գցեցին գետնին, սկսեցին ոտքերով հարվածել, կրակել գլխի կողքին, մեզ վրա լցրեցին ինչ-որ քիմիական կեղտ», - պատմել է Գրինփիս-Ռուսաստանի հակահրդեհային ծրագրի ղեկավար Գրիգորի Կուկսինը:
Հարձակման արդյունքում մարմնական վնասվածքներ և կոտրվածքներ են ստացել բնապահպանական օրենսդրության մասնագետ Միխայիլ Կրեյնդլինը, Մերձբայկալյան երկրամասից եկած կամավոր Անդրեյ Պոլոմոշնովը: Հարձակվողները սպառնացել են սպանել Գրինփիս-Ռուսաստանի հակահրդեհային ծրագրի ղեկավար Գրիգորի Կուկսինին:
Գրինփիս-Ռուսաստանի հակահրդեհային ծրագրի ղեկավար Գրիգորի Կուկսին
Գրինփիս-Ռուսաստանը պատրաստել է բողոք-դիմում՝ ուղղված Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությանը և Անվտանգության դաշնային ծառայությանը՝ պահանջով հետաքննել կամավոր հրշեջների վրա կատարված հարձակումը: Կազմակերպությունը կոչ է անում ցանկացողներին միանալ և ստորագրել դիմում-բողոքը https://act.greenpeace.org/ea-action/action?ea.client.id=1863&ea.campaign.id=55801&ea.tracking.id=news-0909:
«Խաղաղ ակտիվիստները չպետք է տառապեն նրա համար, որ փրկում են բնությունը: Մենք պահանջում ենք մանրակրկիտ հետաքննություն: Մենք ուզում ենք իմանալ ճիշտը. Ինչով կարող էին խանգարել մեր հրշեջները: Մենք ուզում ենք իմանալ՝ ինչու է Կուբանում բնությանը և մարդկանց կրակից պաշտպանելը նման դաժան կերպով հետապնդվում: Աջակցեք մեզ», - նշված է Գրինփիս-Ռուսաստանի տարածած հաղորդագրության մեջ: