«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը անհրաժեշտ է համարում ավելացնել օրինական փայտանյութի մթերման ծավալները
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը ամփոփել է 2016 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա մասնավորապես նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում շաբաթօրյակների միջոցով իրականացվել է 2.5 հա անտառմշակույթների հիմնադրում և 14.9 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում:
2016 թվականի աշնանը ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել անտառապատման աշխատանքներ Սևանա լճի ափամերձ 10 հա տարածքում:
«Թեղուտ» ՓԲԸ-ի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Լալվարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերում 2012-2015թթ. ընթացքում իրականացվել են անտառապատման աշխատանքներ 232,7 հա տարածքում: Նշված պայմանագրի շրջանակներում անտառապատման աշխատանքներ կիրականացվեն նաև 2016թ. աշնանը:
Անդրադառնալով անտառպահպանության ոլորտում կատարված աշխատանքներին` Մարտուն Մաթևոսյանը մասնավորապես նշել է, որ 2016թ. հունվարի 1-ից հունիսի 30-ի դրությամբ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպահախմբի աշխատողների կողմից կազմվել է 68 անտառխախտման արձանագրություն 420 ապօրինի հատվածծառերի վերաբերյալ: Կազմված արձանագրություններից 21-ն ուղարկվել է ոստիկանության տարածքային բաժիններ` անտառխախտողներին հայտնաբերելու ևհամապատասխան ընթացք տալու նպատակով, իսկ 47 արձանագրություն` ՀՀ բնապահպանական պետական տեսչության մարզային բաժիններ:
2016թ. Առաջին կիսամյակի դրությամբ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում արձանագրվել է հրդեհի 15 դեպք` 16,06 հա ընդհանուր տարածքով, որից 9,74 հա`անտառածածկ, իսկ 6,32 հա ոչ անտառածածկ տարածքի վրա:
Հրդեհները մարվել են մասնաճյուղերի, մարզային փրկարարական ծառայությունների աշխատակիցների և համայնքների ազգաբնակչության համատեղ ուժերով:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` հրդեհների արդյունքում ծառերին վնաս չի պատճառվել, այրվել է միայն խոտածածկը:
Ապօրինի հատումների կանխարգելման և նվազեցման նպատակով ոլորտի առաջնահերթ խնդիրների ցանկում Մարտուն Մաթևոսյանն առանձնացրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական բազայի վերազինման հարցը, անտառի պահպանության գործառույթի տարանջատման անհրաժեշտությունը անտառօգտագործումից, ինչի վերաբերյալ մինչև սեպտեմբեր առաջարկություն կներկայացվի ՀՀ կառավարություն:
Մարտուն Մաթևոսյանը հավելել է, որ անհրաժեշտ է ավելացնել օրինական փայտանյութի մթերման ծավալները և հաշվի առնելով այլ երկրների փորձը (Վրաստան, Ալբանիա և այլն)՝ օրինականորեն ապահովել անտառամերձ համայնքների բնակչության կողմից օգտագործվող վառելափայտի ծավալները՝ սահմանելով մատչելի գներ:
Բանախոսը նաև նշել է, որ նախատեսվում է օրենսդրական փոփոխություն կատարել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում` ապօրինի մթերված փայտանյութը և դրանից արտադրված արտադրատեսակներն անտառից դուրս ընկած տարածքներում կամ տեղափոխման ժամանակ հայտնաբերելու դեպքում վնասի հատուցման չափն ավելացնելու միջոցով: Ներկայումս այն հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառի կառավարման լիազոր մարմնի կողմից ծառի համապատասխան տեսակների ներքևի պահեստից բացթողնման և փայտանյութի վերամշակումից ստացվող արտադրատեսակների համար սահմանված գների կրկնապատիկի չափով, առաջարկվում է այն հաշվարկել սահմանված գների հնգապատիկի չափով:
Բացի այդ, անհրաժեշտ է ակտիվացնել անտառամերձ համայնքների գազաֆիկացման աշխատանքները, իսկ գազաֆիկացված անտառամերձ համայնքներում` ներդնել էլեկտրաէներգիայի և գազի սակագների զեղչերի մեխանիզմներ, խթանել այլընտրանքային էներգակիրների զարգացումը, ինչպես նաև ապօրինի հատված փայտանյութի տեղափոխումը կանխարգելելու նպատակով հանրապետության մայրուղիներում տեղադրել մշտական հենակետեր:
Մարտուն Մաթևոսյանը կարևորել է անտառապաշպանության նպատակով կամակարգի Սիսիանի, Սյունիքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Հրազդանի և Սևքարի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառածածկ տարածքներում 2016 թվականի հունիսի 29-ից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում տերևակեր վնասատուներով (ոսկետուտ, երկրաչափ) և հիվանդություններով (ալրացող) վարակված 9210 հա-ի վրա (4890 հա միայն վնասատուներով վարակված, 4320 հա վնասատուներով և հիվանդություններով համատեղ վարակված,) ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքների իրականացումը:
Պարոն Մաթևոսյանի խոսքով` 2016թ. հուլիսի 31-ի դրությամբ իրացվել է 1570 խմ շինափայտ, 13658 պխմ վառելափայտ, 181 խմ տախտակ: Թափուկից մթերվել և անտառամերձ համայնքների բնակչությանը անվճար տրամադրվել է 11518 խմ վառելափայտ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև միջազգային համագործակցություն շրջանակում իրականացվող ծրագրերին և դրանց ներքո իրականացվելիք աշխատանքներին:
Նա մասնավորապես նշել է, որ ներկայումս իրականացվում է «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» ծրագրի երկրորդ փուլը (ENPI-FLEG-II): Ծրագիրն ունի երեք բաղադրիչ.
ինստիտուցիոնալ և իրավական բարեփոխումների խթանում,
անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման մասին հանրության իրազեկության բարձրացում,
FLEG գործընթացում մասնավոր սեկտորի ներգրավում:
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի, Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) միջոցով:
FLEG ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է անտառային օրենսդրության ուսումնասիրություն, որի ավարտից հետո կներկայացվեն առաջարկություններ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ:
«Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել.
- 4932 հա անտառային դեգրադացված հողերի վերականգնում՝ բնական վերաճին նպաստելու միջոցով
- 1000 հա անտառային արոտավայրերի վերականգնում՝ կայուն կառավարումն ապահովելու և անտառներում արածեցման ծավալները նվազեցնելու նպատակով
- 11 անտառտնտեսությունների անտառկառավարման պլանների վերանայում:
Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում գտնվող Արզական և Մեղրաձոր պետական արգելավայրում իրականացվել են քարտեզագրման և սահմանների ճշգրտման աշխատանքներ: Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից (GIZ) ներդրվում է անտառկառավարման տեղեկատվական համակարգ (FIMS), որը թույլ կտա անտառների կառավարմամբ և պահպանությամբ զբաղվող բոլոր հաստատություններին ստանալ ճշգրիտ և թարմ տեղեկատվություն:
Տեղեկատվությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության: