«Կանաչ տնտեսություն» նշանակում է կայունություն, սոցիալական հավասարություն, խորը դեմոկրատիա. Դերեք Ուոլլ
Ինչպես ապահովել հանրության «կանաչ» տրանսֆորմացիան: Խնդիրը ներկայացնում է սոցիոլոգ, Խորվաթիայի Քաղաքական էկոլոգիական ինստիտուտի (IPE) գործադիր տնօրեն Վեդրան Խորվատը:
«Աշխարհում սկսվում է «կանաչ» տրանսֆորմացիայի գործընթացը: Այն պետք է ազդի մեր կենսագործունեության բոլոր ոլորտների վրա, և այս տրանսֆորմացիայի մեջ գլխավոր դերը կատարում են մարդիկ: Մենք պետք է դիտարկենք բնապահպանության, սոցիալական արդարության, հավասարության և տնտեսության խնդիրները: Պետք է հասկանանք, որ այն մարդիկ, որոնք ներգրավված են «կանաչ» տրանսֆորմացիայի գործընթացի մեջ, պետք է վերագնահատեն իրենց արժեքները», - կարծում է Վեդրան Խորվատը:
«Կան մարդիկ, որոնք կարծում են, որ հնարավոր է «կանաչ» տրանսֆորմացիայի գաղափարը մտցնել կապիտալիստական համակարգի մեջ, բայց իմ կարծիքով՝ հնարավոր չէ: Կապիտալիզմը ձգտում է անսահման աճի, և դա ենթադրում է բնական պաշարների շահագործում: Այդ իսկ պատճառով կապիտալիստական համակարգը չի կարող ապահովել «կանաչ» տրանսֆորմացիա», - ասաց նա:
Գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է, որ կլիմայի վատթարացման պատճառով առաջին հերթին տառապում են անապահով մարդիկ, և այս խնդիրը հարկավոր է լուծել. «Մենք գործ ունենք պատմական անարդարության հետ, երբ ավելի քիչ զարգացած երկրները, որոնք հնարավորություն չեն ունեցել կայանալու, այսօր ևս զրկված են այդ հնարավորությունից, որովհետև զարգացած երկրներն ասում են՝ կանգ առեք, դուք չեք կարող գնալ զարգացման ճանապարհով, որովհետև դա կարող է բերել կլիմայական աղետների»:
Անգլիայի եւ Ուելսի Կանաչների կուսակցության միջազգային համակարգող, էկոլոգիական քաղաքականության մասին գրքերի հեղինակ Դերեք Ուոլլը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի ելքը բացասաբար կազդի երկրի էկոլոգիական քաղաքականության վրա. «Խնդիրը նրանում է, որ Մեծ Բրիտանիան նախքան ԵՄ-ին անդամակցելը համարվում էր Եվրոպայի ամենաաղտոտված պետությունը, իսկ ԵՄ-ից դուրս գալուց հետո երկիրը չի ունենա բավարար սեփական կանոնակարգեր և մեխանիզմներ «կանաչ» տնտեսություն զարգացնելու համար: Այսինքն, այն կանոնակարգերը, որոնք կապահովեին բնության և էկոհամակարգերի պահպանումը: Հետևաբար, մեզ մոտ աղտոտվածությունը կավելանա, և մենք չենք ունենա միջոցներ իրավիճակը կարգավորելու համար»:
««Կանաչ տնտեսություն» նշանակում է կայունություն, սոցիալական հավասարություն, խորը դեմոկրատիա, - վստահ է Դերեք Ուոլլը, - դրան հասնելու համար մեզ պետք է հեղափոխություն քաղաքականության մեջ: Մենք պետք է ընտրենք ճիշտ քաղաքական գործիչների, որոնց համար էկոլոգիան քաղաքականության մաս է: Որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն շրջակա միջավայրի և մարդկանց շահերը, պետք է հաշվի առնվի սոցիալական գործոնը, որպեսզի մարդիկ չտառապեն այդ որոշումներից: Մենք պետք է մշակենք հստակ ռազմավարություն, մենք չունենք ժամանակ երկար մտածելու և տեսությունների հետևից ընկնելու, որովհետև գլոբալ խնդիրները իրենց երկար սպասել չեն տա, դանդաղել չի կարելի»:
Հարցազրույցներն անցկացվել են Վրաստանում տեղի ունեցած «Կանաչ ակադեմիա-2016»-ի «Հարավային Կովկասում քաղաքականության և տնտեսության «կանաչեցում»» խորագրով կոնֆերանսի ժամանակ: Հանդիպումը կազմակերպել էր Հենրիխ Բյոլի հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակը:
Լուսանկարները՝ Heinrich-Böll-Stiftung South Caucasus