Գողթ գյուղի բնակիչները Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի շուրջ համաձայնություն են ձեռք բերել կառավարության հետ

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի շուրջ համաձայնություն են ձեռք բերել կառավարության հետ: NEWS.am-ի հետ զրույցում գողթեցիներից Վահրամը նշեց, որ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը հիմնովին փոփոխվել է. «Մենք սկզբից պահանջում էինք, որ ընդհանրապես այդ ծրագրի գլխամասը կամ հիմնովին պետք է փոփոխման ենթարկվի, կամ էլ չեղարկվի: Հիմա եկանք հանգեցինք այն տարբերակին, որ ծրագրի գլխամասը փոփոխման ենթարկվի: Սկզբում նախատեսվում էր Գեղարդալճի այն հատվածից, որից Գողթ համայնքի խողովակաշարն է միացված՝ միացնեն 530 միլիմետրանոց խողովակ եւ ջուր տանեն, հիմա պահանջեցինք, որ այդ հատվածից չպետք է միացնեն: Պահանջեցինք, որ լճի ավելցուկային հոսքի կետից միացնեն խողովակաշարը, որպեսզի Գողթ համայնքին ընդհանրապես վնաս չլինի, եթե ավելցուկային ջրեր կլինեն, այդ ջուրը նոր կվերցնեն եւ խողովակով կտանեն»:

Վահրամը տեղեկացրեց, որ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատասխանատուները հունիսի 28-ին եղել են Գեղարդալճի մոտ եւ չափագրումներ կատարել. գողթեցիներն այժմ սպասում են հիմնովին փոփոխված ծրագրի տարբերակին, որպեսզի քննարկումների արդյունքում գան համաձայնության. «Պահանջում ենք, որպեսզի կառավարությունը փաստաթուղթ ներկայացնի մեզ, որի մեջ նշված կլինի մեր եւ մասնագետների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը փոփոխությունների վերաբերյալ եւ նշված լինի, որ անկախ Համաշխարհային բանկի հետ բանակցությունների արդյունքից, կառավարությունը պարտավորվում է Գողթ համայնքի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չխախտել: Այդ մասին փաստաթուղթը պարտադիր պետք է բերեն, եթե չբերեն, մենք պահանջելու ենք ծրագրի չեղարկում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Գողթ ճանապարհը, Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ պատասխանատուներն ու գյուղապետը խոստացել են, որ մինչեւ վերջնական որոշման գալը շինարարական աշխատանքներ չեն կատարվի:

Գյուղացիները նշել են, որ եթե աշխատանքները վերսկսեն, իրենք կրկին կփակեն ճանապարհը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները հունիսի 3-ին, փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր: Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Գյուղացիները պնդում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:

Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաեւ գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչեւ քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում