«Համախմբում» կուսակցությունն այսուհետ ցուցաբերելու է իր աջակցությունը «Նաիրիտի» վերագործարկմանը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ընտրությունները սարերի հետևում չեն, իսկ նորաստեղծ կուսակցություններն արդեն շտապում են հանդես գալ ժողովրդի առաջ: Օրինակ, Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչներին դեռ անցյալ տարվանից կարելի է նկատել բողոքավոր մասսաների մեջ։ Երեկ նրանք առաջին անգամ եկել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ցույցին: «Ալյանսից» հետ չէր մնացել նաև Վարդան Օսկանյանի դեռևս վերջերս ստեղծված «Համախմբում» կուսակցությունը։
Նրանց ներկայացուցիչ Աղվան Պողոսյանը երեկ ոգևորված ելույթ ունեցավ, թե իրենց օրակարգում առաջնահերթ են համարում «Նաիրիտի» վերագործարկումը. ««Համախմբում» կուսակցությունն այսուհետ ցուցաբերելու է իր աջակցությունը «Նաիրիտի» վերագործարկմանը, կարծում ենք, որ այս իշխանությունները պետք է ունենան համապատասխան քաղաքական կամք, որպեսզի իրականացնեն համապատասխան քննարկումներ «Նաիրիտի» վերագործարկումն սկսելու համար»:
Նշենք, որ գործարանի աշխատակիցներն իրենք էին բողոքի ցույցին հրավիրել մի քանի կուսակցությունների: Արձագանքել էին «Համախմբում» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Ալյանսը» և Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը: Երեկ սպասվում էր, որ կգա նաև ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, բայց ՀԱԿ խմբակցության անդամը չեկավ»: