Գիտնականները մշակել են մի միջոց, որով ցանկանում են ստուգել գենային դրայվի արդյունավետությունը մալարիայի մոծակների բնաջնջման գործում

Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաբանները մշակել են միջոց, որը հնարավորություն կտա վերահսկել արհեստական մուտացիաների տարածումը կենդանիների և բակտերիաների վայրի պոպուլյացիաներում: Այդ մեթոդով գիտնականները ցանկանում են ստուգել գենային դրայվի արդյունավետությունը մալարիայի մոծակների բնաջնջման գործում: Հոդվածի նախնական տպագրությունը հրապարակվել է BioRxiv կայքում:

Գենային դրայվը մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մարդու կողմից փոփոխված գենն արագորեն տարածել կենդանիների կամ բույսերի վայրի պոպուլյացիայում: Օրինակ՝ արհեստական մուտացիան կարող էր նվազեցնել մալարիայի մոծակների բազմացումը և, համապատասխանաբար, թիվը, ինչը կարող էր մարդկային շատ կյանքեր փրկել: Սակայն հայտնի չէ՝ պոպուլյացիայի ոչնչացումն ինչպես կանդրադառնա շրջակա միջավայրի վրա:

Գիտնականները մտածել են, թե ինչպես անել, որպեսզի գենային դրայվը կարողանա ինքն իրեն սահմանափակել՝ սկզբում նպաստելով մուտանտային գենի տարածմանը, իսկ մի քանի սերունդ հետո բերելով դրա ոչնչացման:

Գիտնականների գաղափարը ենթադրում է գենային դրայվ իրականացնել 3 ԴՆԹ-տարրերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մեկ կամ մի քանի գենից: А տարրը հոմոլոգիկ քրոմոսոմի մեջ կրկնօրինակվում և դրվում է В տարրի առկայության դեպքում, իսկ В տարրը կրկնօրինակվում և դրվում է С տարրի առկայությամբ: С տարրը պոպուլյացիայում տարածվում է սովորական ժառանգականությամբ՝ փոխանցվելով սերնդի միայն կեսին:

Եթե գիտնականները բաց թողնեն մոծակների, որոնք իրենց մեջ կրում են բոլոր 3 տարրերը, ապա գենետիկորեն մոդիֆիկացված միջատների զուգավորումը վայրի մոծակների հետ կբերի նրան, որ ամբողջ սերունդն իր մեջ կկրի А և В տարրերը, բայց միայն կեսը՝ С տարրը: Արդյունքում ժառանգականության օրենքներով՝ А-ն և В-ն սկզբում արագ կտարածվեն պոպուլյացիայում, սակայն մի քանի սերունդ հետո գործնականում կանհետանա С տարրը, այնուհետև В տարրը և վերջում՝ А-ն:

Կենսաբանները ծրագրում են մոդիֆիկացված գենային դրայվի առաջին փորձարկումները կատարել նեմատոդների վրա:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում