Շները հոշոտել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Սուրիկ Ավդալյանի 25 գառները
Շները օրեր առաջ հոշոտել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի 71-ամյա բնակիչ Սուրիկ Ավդալյանի 25 գառները։
«Գառների տեղը հայաթն եմ սարքել, որտեղ ես քնում եմ։ Շների ձայնից դուրս եկա, տեսա՝ խեղդել, կտոր-կտոր են արել գառներին։ Լավ ա՝ ինձ էլ չկերան։ Գելի չափ մեծ շներ են»,- NEWS.am-ին պատմեց Սուրիկ Ավդալյանը։
Գյուղացու խոսքով՝ շները նախկինում պատկանել են այդ տարածքում գործող խաղատների տերերին։ Խաղատների փակվելուց հետո նույն վայրում այլ բիզնեսներ են սկսել գործել, որոնց տերերը սակայն, գյուղացու խոսքով, հազվադեպ են կերակրում շներին, նրանք էլ կեր են փնտրում գյուղում։
«Գալիս, հավերին, գառներին են հոշոտում։ Ում դիմում ենք, ասում են՝ կգանք կսատկացնենք, բայց չեն գալիս»,- ասաց Սուրիկ Ավդալյանը։
Գյուղացին պատմեց, որ գառներն ինքը գնում է, բերում,պահում, վերավաճառում՝ հոգալով իր ու կնոջ ապրուստն ու կնոջ բուժման գումարը։
«Հիմա ոչ կարամ դեղ առնեմ, ոչ էլ կարամ գառների փողը տամ»,- ասաց գյուղացին։
