Թող նոր ջրամբար կառուցեն ու լուծեն ոռոգման հարցը. գողթեցիների տարբերակը
Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները պնդում են՝ Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը չպետք է իրականանա, նրանք կառավարությանը նոր տարբերակ են առաջարկում՝ նոր ջրամբար կառուցել եւ ջրատարի միջոցով լուծել մյուս համայնքների ոռոգման հարցը.
«Եթե իրենք որոշել են, որ ջրատար պետք է կառուցեն, ուրեմն էդ ջրատարը չպետք է անցնի Գեղարդալճով: Թող առանձին ջրամբար կառուցեն եւ էդ ջուրը տանեն, լցնեն էդ ջրամբարի մեջ, հետո նոր տանեն նշված համայնքներ՝ Հացավան, Գեղադիր, Միջաբերդ, Ձորաղբյուր, Ջրվեժ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց գողթեցիներից Վահրամը:
Նա նշեց, որ հունիսի 7-ին Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ իրենց խոստացել են, որ գյուղացիների պահանջը կներկայացվի կառավարությանը. «Խոսեցինք, համոզվեցին, որ մենք մեր պահանջներում ճշմարտացի ենք, ասացին՝ կքննարկեն, կներակայցնեն կառավարությանը, սակայն, որեւէ ժամկետ չնշեցին, թե երբ, մենք էլ ասացինք, որ եթե վերսկսեն շինաշխատանքները՝ կրկին կփակեն փողոցը»:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները փակել էին Երեւան-Գողթ ճանապարհը, Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ պատասխանատուներն ու գյուղապետը խոստացել են, որ մինչեւ վերջնական որոշման գալը շինարարական աշխատանքներ չեն կատարվի:
Գյուղացիները նշել են, որ եթե աշխատանքները վերսկսեն, իրենք կրկին կփակեն ճանապարհը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչները հունիսի 3-ին, փակել են Երեւան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր: Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը գրություն էր ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Գյուղացիները պնդում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:
Նշենք, որ գյուղացիների հետ վերջին հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր շինտեխնիկան դուրս բերել Գառնիի կիրճից։ Իսկ անդրադառնալով Գեղարդալճի ինքնահոս համակարգի ստեղծման ծրագրին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը գյուղացիներին հավաստիացրել էր, որ քննարկումներ կկազմակերպեն, որին նաեւ գողթեցիները կմասնակցեն։ Գողթեցիները պահանջել էին մինչեւ քննարկումների ավարտը դադարեցնել շինարարական աշխատանքները։
