Կառավարությունը չի հրաժարվում Վայոց ձորի քարանձավներում տուրիզմի զարգացման մտքից
Չնայած բնապահպան հասարակության առարկությանը՝ կառավարությունը չի հրաժարվում Վայոց ձորում գտնվող հատուկ պահպանվող քարանձավներում տուրիզմի զարգացման մտքից: Կառավարությունը 55 միլիոն դոլլարի վարկ է վերցնում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից, որի մի մասն ուղղվելու Մոզրովի և Մագելի քարանձավներում տուրիզմի զարգացման համար ենթակառուցվածքների ստեղծմանը: Որոշումն ընդունվեց սույն թվականի հունիսի 9-ին: Նախատեսվում է այցելուների համար տեղեկատվական կենտրոնների, սրճարանների, հասարակական զուգարանների, ապահով կայանատեղիների, ճանապարհների կառուցում, լուսավորության անցկացում: Հասկանալի չէ, թե ինչպես պետք է ապահովվի զբոսաշրջիկների անվտանգությունը, երբ քարանձավների մուտքամասերում կա փլուզման վտանգ, մյուս կողմից եթե իրականացվեն քարանձավների մուտքերի ամրացման աշխատանքներ և անցկացվի լուսավորություն, ապա դա կարող է ոչնչացնել քարանձավների ներքին բնական աշխարհը:
Մասնավորապես Մագելի քարանձավն իրենից ներկայացնում է հազվագյուտ էկոհամակարգ, որը շատ նուրբ է և հեշտությամբ կարող է վնասվել: Այստեղ ապրում են Կարմիր գրքում գրանցված 5 տեսակի չղջիկներ: Չղջիկները չեն դիմանա քարանձավում մարդկանց աղմուկին, նախատեսվող շինարարական աշխատանքներին, լույսին: Փորձագետներն ու գիտնականներն պնդում են, որ Մագելի քարանձավում մարդկային գործունեության հետևանքով չղջիկների 60-70 տոկոսը պակասել է: Արդեն 5-6 տարի է, ինչ Մագելի քարանձավը զբոսաշրջությամբ զբաղվող բիզնեսի ուշադրության կենտրոնում է. այն գտնվում է զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից մեկի՝ Նորավանքի ճանապարհին: Այս ամբողջ ընթացքում շարունակվում է պայքար բնապահպանների և զբոսաշրջությամբ զբաղվող բիզնեսի միջև:
Մոզրովի քարանձավը գտնվում է Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին: Քարանձավում առկա են գեղեցիկ կարստային գոյացություններ` բազմագույն շիթաքարեր, կաթիլաքարեր, պտկաքարեր և բյուրեղներ: Անկախության տարիներին քարանձավի անվերահսկելության պայմաններում մարդիկ անարգել մուտք են գործել քարանձավ, կոտրել և գողացել քարանձավի շիթաքարերը, իսկ նրանց հետ ներս սղոսկած օդն ու փոշին խունացրել է քարանձավի կարստային գոյացությունների տեսքը և փոխել տեղի միկրոկլիման: Քարանձավը պատշաճ կերպով չպահպանելու դեպքում այնտեղ հազարավոր տարիների ընթացքում առաջացած կարստային գոյացությունները կարող են իսպառ ոչնչանալ:
Հիշեցնենք, որ 2015թ-ի դեկտեմբերին ՀՀ կառավարությունն ընդունեց «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշումը: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը պետք է ընկերությունների համար հայտարարի մրցույթ քարանձավները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու և զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար:
Լուսանկարում Մոզրովի քարանձավն է:
Նյութի աղբյուրը՝ ecolur.org:
