Սենա գետում ջրի մակարդակը անձրևների հետևանքով բարձրացել է ավելի քան 4 մետրով
Սենա գետում ջրի մակարդակը վերջին օրերի տեղատարափ անձրևների հետևանքով Փարիզի սահմաններում բարձրացել է ավելի քան 4 մետրով։ Սպասվում է, որ այսօր երեկոյան արդեն ջրի մակարդակի բարձրացումը կգերազանցի 5 մետրի նշագիծը։ Այս մասին հայտնում է քաղաքի օդերևութաբանական ծառայությունը։
Սպասվում է, որ արդեն առաջիկա ժամերին կդադարեցվի գետի փարիզյան հատվածով նավարկությունը։
Փարիզի համար ռեկորդային է համարվում 1910 թվականի ջրհեղեղը, երբ ջուրը բարձրացել էր 8.5 մետրով՝ հեղեղելով մայրաքաղաքի տարածքի 1/4-ը։
Սպասվում է, որ անձրևները Ֆրանսիայի ողջ հյուսիսային և մասամբ կենտրոնական հատվածներում կվերսկսվեն հինգշաբթի։ Եղանակային պայմանները հավանաբար կբարելավվեն միայն շաբաթ օրը։




