Քաղցրաշենցիները սպառնում են գառնեցիների նման փակել ճանապարհը, եթե իրենց պարտքը չվճարեն (Ֆոտո)

Երեւանում, այսօր՝ մայիսի 26-ին, Կառավարության դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի խաղողագործները: Նրանք արդեն տեւական ժամանակ է, պահանջում են նախորդ տարվա մթերած խաղողի գումարները, որոնք մինչ օրս չեն ստացել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ գյուղացիները նշում են, որ ամեն անգամ վարչապետը խոստանում է, որ գումարը կվճարեն, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել: Նրանց խոսքով, Կառավարության ղեկավարը նախորդ անգամ խաղողագործներին խոստացել էր, որ մինչեւ մայիսի 10-ը պետք է ամբողջությամբ վճարվեր պարտքը, սակայն խոստումը չի կատարվել:

Գյուղացիներից Արամ Մկրտչյանն ասաց, որ իրեն 400 հազար դրամ պարտք են եւ մինչեւ օրս մի դրամ անգամ չեն տվել: Նրա համագյուղացիներից մեկն էլ նշեց, որ որ 600 հազար դրամի պարտքից մինչ օրս 100 հազարն են վճարել:

Խաղողագործները հայտարարեցին, որ եթե հենց այսօր իրենց փողերը չտվճարեն, իրենք պատրաստվում են գառնեցիների նման փակել գյուղի ճանապարհը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղացիներն անցած տարվա մթերած բերքի գումարը մինչ օրս չեն ստացել։ Խաղողը մթերած «Վինար» ՍՊԸ-ն քաղցրաշենցիներին, ինչպես նաեւ 10 այլ գյուղերի բնակիչների պարտք է մոտ 160 միլիոն դրամ:

Քաղցրաշենցիներից բացի, «Վինար» ՍՊԸ-ն խաղողի մթերման համար պարտք է Շահումյան, Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ, Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Փոքր Վեդի բնակիչներին:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում