Նախարար. 10 օր շուկաները ստուգել ենք. Հայաստանում թուրքական լոլիկ չկա
Վերջին 10 օրվա ընթացքում Գյուղատնտեսության նախարարությունը ստուգել է Հայաստանի գյուղատնտեսական շուկաները եւ թուրքական ծագման լոլիկներ չի հայտնաբերել: Այս մասին մայիսի 25-ին ԱԺ-ում հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ 2015-ին հանրապետության պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության ընթացքում՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ տարվա սկզբից հանրապետություն է ներկրվել մոտ 192 տոննա լոլիկ, դրա մի մասը՝ Թուրքիայից: Սակայն վերջին խմբաքանակը ներկրվել է մարտի կեսին: «2 ամիս մենք առհասարակ ներմուծված լոլիկ չենք ունեցել: Դա հնարավոր է դարձել ժամանակակից ջերմոցների շնորհիվ, որոնք վերջին 1-2 տարում կառուցվել են մոտ 100 հեկտարի չափով: Դրանց աշխատանքը թույլ է տալիս փոխարիներ ներմուծումը եւ ավելի շատ արտահանել մեր երկրից»,- ասել է նախարարը: