Մոտ 300 մլն դրամի ոսկու հանքանյութ գողանալու մեջ մեղադրվողն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ից խոշոր չափի գողություն կատարելու մեջ մեղադրվող Բագրատ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ավետիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:

Փաստաբանի խոսքով` իր պաշտպանյալի մասը գործից առանձնացվել է եւ ուղարկվել դատարան:

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ գողություն չի կատարել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ Ավետիսյանի մոտից ոչինչ չի առգրավվել:

Ինչ վերաբերում է Արտակ Գալստյանին, որը նույնպես մեղադրվում է այս գործով եւ հունվարին ինքնասպանություն էր գործել, Հովիկ Արսենյանը նշեց, որ Ավետիսյանն ու Գալստյանն ընդամենը միասին աշխատել են նույն ընկերությունում:

Ըստ մեղադրական եզրակացության` ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի գլխավոր արտադրամասի մեխանիկ Բագրատ Ավետիսյանն ու ճաշարանի աշխատակից Լեւոն Սարգսյանը 2014 թ. դեկտեմբերից մինչև 2015թ. հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում նույն ֆաբրիկայի աշխատակիցների և ֆաբրիկայում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության Արարատի պահպանության բաժնի ծառայողների հետ կազմակերպված խմբով ֆաբրիկայից կատարել են գողություն. Բագրատ Ավետիսյանը հափշտակել է 294 մլն 402 հազար դրամ, իսկ Լեւոն Սարգսյանը` 236 մլն 402 հազար դրամ արժողությամբ ոսկի պարունակող խտացված հանքանյութ:

Ավետիսյանին եւ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով: Նրանք կալանավորված են:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը փետրվարին տարածած հաղորդագրությամբ այլ անուններ էր տվել: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող Գ. Դ.-ն 2014թ.-ին հանցավոր համաձայնության է եկել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ ընկերության ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքի պահապանությունն իրականացնող անձանց եւ նույն ընկերության այլ աշխատակիցների հետ՝ գաղտնի հափշտակելով առանձնապես առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութ:

2015թ. մայիսի վերջին կազմակերպված խմբի անդամ, ընկերության գլխավոր արտադրամասի աշխատակցի կողմից հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների թողտվությամբ հափշտակված եւ ընկերությունից դուրս բերված ոսկու պարունակությամբ խտանյութը փոխանցել է նույն ընկերության մեկ այլ աշխատակցի: Վերջինս խտանյութը վերամշակելով՝ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 26 մլն ՀՀ դրամ արժողության 1448,91 գրամ ոսկի, որն առանձին մասերով վաճառվել է ոսկու առեւտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր հանդիսացող Թ. Ա.-ին եւ Ա. Պ.-ին:

Մայիսի 16-ին էլ իրավապահ մարմինները կալանավորել էին ֆաբրիկայի անվտանգության աշխատակից Զոհրաբ Ա.-ին:

Նշենք, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ներկա փուլում որպես մեղադրյալ ներգրավել են կազմակերպված խմբի եւս 7 անդամներ, որոնցից 2-ի նկատմամբ նույնպես դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ NEWS.am-ի տեղեկություններով՝ ոսկու կորզման ֆաբրիկայից խոշոր չափերով խտանյութ հափշտակելու գործով հետախուզման մեջ էր գտնվում նաեւ Երեւանի Կիեւյան կամրջից 2016թ. հունվարի 30-ին կնոջ ներկայությամբ ցած նետվելով ինքնասպանություն գործած Արտակ Գալստյանը, որը ընկերության արտադրության պետն էր:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում