Դեղերի գովազդումն անթույլատրելի է. սպառողների ասոցիացիա

Հայաստանում դեղեր գովազդելն անթույլատրելի է, նույնիսկ եթե խոսքն այնպիսի դեղերի մասին է, որոնք բաց են թողնվում առանց բժշկի դեղատոմսի: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավար Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով, «Դեղերի մասին» նոր օրենքի համաձայն, որն ընդունվել է մի քանի օր առաջ, այն դեղերը, որոնք բաց են թողնվում առանց բժշկի դեղատոմսի, կարելի է գովազդել: Ճիշտ է, գովազդը պետք է այնպիսին լինի, որ սպառողը, այն նայելով, չորոշի, թե գովազդվող դեղն իրեն օգտակար կլինի եւ չգնա այն գնելու, առանց բժշկի հետ խորհրդակցելու:

«Ցանկացած դեղ, օգուտից բացի, կարող է նաեւ վնաս հասցնել օրգանիզմին: Ես համաձայն չեմ, որ դեղերն ընդհանրապես կարելի է գովազդել», - նշել է Մելիտա Հակոբյանը:

Հայաստանի Սպառողների ազգային ակադեմիայի Իրավաբանական անձանց միությունից Գայանե Խաչվանքյանն իր հերթին նշել է, որ աշխարհում դեղերի գովազդով սովորաբար զբաղվում են լուրջ հաստատություններ եւ շատ կանոններ կան, որոնց պետք է հստակորեն հետեւել: Օրինակ, չի կարելի դեղերի գովազդներում օգտագործել երեխաների կամ հղի կանանց: Իսկ Հայաստանում դեղերի գովազդման մշակույթը, Գայանե Խաչվանքյանի խոսքով, առայժմ այնքան էլ զարգացած չէ:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայաստանի Ազգային Ժողովում «Դեղերի մասին» օրենքն ընդունվել է 3-րդ եւ վերջնական ընթերցմամբ: Այն միանշանակորեն չի ընդունվել. առողջապահության ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ օրենքը լավն է, որովհետեւ ներառում է այն դեղերի ցուցակը, որոնց արժեքը պետությունը կփոխհատուցի եւ դա կօգնի կարգավորել շուկայում դրանց գները. Բացի այդ, նոր օրենքը ենթադրում է դեղատնային գործունեության տարանջատում մեծածախ առեւտրից (գործունեության այս երկու ձեւի համար երկու տարբեր արտոնագիր է ենթադրվում), ինչպես նաեւ զուգահեռ ներմուծման թույլտվություն: Սակայն մանր դեղատների տերերը եւ մեծածախ առեւտրով զբաղվող մանր առեւտրականները կարծում են, որ օրենքն իրենց կզրկի աշխատելու հնարավորությունից եւ կհանգեցնի շուկայի էլ ավելի մեծ մենաշնորհման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում